Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարությունը:
Ինքնորոշման անօտարելի իրավունքի վրա ստեղծված Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վարչախումբը, Արցախի ժողովրդին իր բնօրրանից բռնի տեղահանելուց հետո, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի տարրական նորմերը, այդպիսովփորձում է իրավական շղարշ հաղորդել իր հանցավոր գործողություններին:
Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ Բաքվում մեկնարկած դատավարությունը ծաղր է արդարության, արդարադատության և միջազգային իրավունքի նկատմամբ։ Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները: Նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն ընթանում են քրեադատավարական ընթացակարգերի աղաղակող խախտումներով, ներառյալ պաշտպանության իրավունքի և գործի նյութերին հասանելի լեզվով ծանոթանալու հնարավորության բացակայությունը: Ակնհայտ է, որ Բաքվի վարչախումբն ամեն ինչ անում է շինծու դատավարությամբ իր ապօրինությունները կոծկելու համար:
Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ: Մարդկության պատմության մեջ շատ են դեպքերը, երբ բռնապետները դատել են ազատատենչներին, ֆաշիստները՝ այլախոհներին, հաղթածները՝ պարտվածներին։ Սակայն հակահայ և մարդատյաց ալիևյան ռեժիմը միջազգային շրջանակների լուռ անտարբերությամբ փորձում է ձևավորել մի աղաղակող նոր նախադեպ, երբ ցեղասպանը դատում է ցեղասպանվածին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ Բաքվի բանտերում գտնվող ալիևյան ռեժիմի պատանդ մեր հայրենակիցներն անմեղ են և արդար։ Դատելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը` Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը, ազատատենչությունը, նրա պատմությունն ու հավատը։
Ցավով ենք արձանագրում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են, իսկ համազգային ջանքերը հեռու են բավարար լինելուց։
Բաքվում մեկնարկող դատական ֆարսը հնարավոր է դարձել նաև ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության և կապիտուլյանտական քաղաքականության պատճառով: Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է այսօր մեկնարկող ապօրինությանը։
ՀՀԿ ԳՄ-ն խստորեն դատապարտում է պաշտոնական Բաքվի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները և կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին` իրենց բողոքի ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների` պահանջելով նրանց անվերապահ ազատ արձակումը: Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ է անում իրենց բոլոր հնարավորություններով աջակցություն հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին:
ՀՀԿ-ն միաժամանակ վերահաստատում է, որ իր գործունեության ընթացքում, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, այս թեման շարունակելու է գերակա պահել՝ հասնելու համար արդարությանը, և իր զորակցությունն է հայտնում բոլոր գերիների ընտանիքներին»: