Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններն անվանել է բազմաբևեռ աշխարհ կառուցելու ազդակ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները բազմաբևեռ աշխարհ կառուցելու խթան է անվանել։
«Այս հանդիպումը, որ տեղի ունեցավ այստեղ, և մեր երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, կարծում եմ, որ սա ևս մեկ ազդակ և խթան է բազմաբևեռ աշխարհի կառուցման համար։ Եվ, իհարկե, դա վերաբերում է առաջին հերթին Իրանի և Ռուսաստանի զարգացմանը»,- ասել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը ուրբաթ օրը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում, որի ընթացքում բանակցություններ է վարել նեղ և լայն ձևաչափերով։ Կրեմլում կայացած բանակցություններից հետո Իրանի և Ռուսաստանի նախագահները համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։
Այս փաստաթուղթը նախատեսված է փոխարինել Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող համաձայնագրին, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին։ Նոր համաձայնագրի վրա աշխատանքները սկսվել են 2022 թվականից՝ անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ։ Ինչպես ավելի վաղ նշել էր Կրեմլը, այս փաստաթուղթն արտացոլում է երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումը։