Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները որոշել են շարունակել պետական սահմանի սահմանազատման աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, ապա ուղղություն վերցնել դեպի հարավ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այդ մասին հաղորդագրություն նախօրեին տարածեց ՀՀ ԱԳՆ-ն։
Սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մասին հաղորդագրության մեջ սակայն նշված չէր, թե որ թվականի քարտեզներով են իրականացվելու սահմանզատման աշխատանքները։
«Փաստինֆոն» դիմել է փոխվարչապետի գրասենյակ՝ պարզելու, թե արդյոք այս անգամ ևս սահմանազատման աշխատանքներն իրականացվելու են նույն քարտեզներով։ Պարզվում է, որ այս տեղեկատվությունը գաղտնի է։
Գրասենյակից հայտնել են, որ նման հարցերի միայն գրավոր հարցմամբ են պատասխանում, ապա նաև տրամադրեցին հանձնաժողովների կանոնակարգի այն հատվածը, ըստ որի՝ հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ հաղորդագրություններից դուրս որևէ մեկնաբանություն կամ պարզաբանում չի թույլատրվում։
«Միաժամանակ հայտնում ենք, որ Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 2154-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգի աշխատակարգի 3.4-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից․ ԱԳՆ
- Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները