Ակնկալում ենք Ջալալ Հարությունյանի նկատմամբ համարժեք, խիստ պատիժ. Փաստաբան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին սպառնում է 4-8 տարի ազատազրկում։
«Մեղադրական վերդիկտը մեզ բավարարում է։ Մենք կտեսնենք, թե դատարանը վերջնական ինչ պատիժ է նշանակում։ Եթե տուժող կողմին չբավարարեց, կբողոքարկենք։ Ակնկալում ենք համարժեք, խիստ պատիժ՝ առավելագույն չափով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, երկու օր առաջ մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։
550 հոդվածը վերաբերում է Զինվորական պաշտոնեական անփութությանը, հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։
Տուժող կողմի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մանրամասնեց, ծանր հետևանքը 20 զինծառայողների՝ Ցորի զորամասի հրետանավորների զոհվելն է, զինտեխնիկայի կորուստը։
«Քանի որ դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ գործում էր նախկին Քրեական օրենսգիրքը, դրա 375 հոդվածի 3-րդ հոդվածը նախատեսում էր պատիժ 4-8 տարի ժամկետով։ Ծանրացման իմաստով օրենքը հետադարձ ուժ չունի, Ջալալ Հարությունյանի նկատմամաբ պատիժ նշանակելիս դատարանը պետք է ղեկավարվի նախկին օրենքով՝ 4-8 տարի ժամկետով»,-ասաց նա։
Հունվարի 23-ին կայանալիք դատալսումների ժամանակ արդեն կքննարկվի պատժաչափի հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար. Նաիրա Մելիքյան
- Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
- Դեռևս ոչ բոլոր անձանց է մեղադրանք առաջադրվել Ցորի զորամասի հրետանավորների զոհվելու փաստի վերաբերյալ. Փաստաբան
- Ցորի զորամասի զոհված հրետանավորների իրավահաջորդները հետամուտ են լինելու՝ բոլոր մեղավորներն արժանի պատիժ ստանան. Պաշտպան
- Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի կողմից անգործություն ցուցաբերելու գործն ուղարկվել է դատարան