Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար. Վարդան Օսկանյան
«Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով այս շինծու դատավարությունն Արցախի ղեկավարների դեմ»,- գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նա նշել է՝ զազրելի այս ներկայացումը Բաքվի հերթական գործողությունն է՝ ջնջելու հայերի մշակութային և պատմական ներկայությունը մի երկրամասից, որը նրանց անքակտ հայրենիքն է եղել հազարամյակներով։
«Սա նաև միջազգային հանրության անգործության ու, որ առավել պախարակելի է, Արցախի ողբերգական անկման մեջ Հայաստանի կառավարության հանցակցության վկայությունն է:
Այս դատավարությունը մեկուսի դեպք չէ: Այն Բաքվի՝ էթնիկ զտումների ծրագրված արշավի գագաթնակետն է: Ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց 120,000 հայերին, որին նախորդեց երկրամասի իննամսյա անմարդկային շրջափակումն ու սովահար ժողովրդի վրա ռազմական հարձակումը: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը սկսել է հողին հավասարեցրել հայկական մշակութային հուշարձանները, պղծել գերեզմանոցները և փորձել վերաշարադրել պատմությունը՝ ջնջելով տարածաշրջանի հայկական ինքնությունը:
Ադրբեջանը, սակայն, վակուումում չի գործում: Նրա ագրեսիան հնարավոր է դարձել միջազգային հանրության քար լռության, մեծ տերությունների ամոթալի պասիվության արդյունքում:
«Մտահոգության» մասին հայտարարությունները իմաստալից գործողություններ չեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ժամանակին հանձնառու էին խաղաղության բանակցությունների համար, հեռացել են իրենց պարտավորություններից՝ թողնելով, որ Ադրբեջանը հանգիստ և անպատժելի ոտնահարի միջազգային նորմերը:
Նույնքան մեղավոր է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մեղսակցությունը խարան է հայ ժողովրդի համար: Փաշինյանի կառավարությունը շարունակ ձախողել է Արցախի ժողովրդին պաշտպանելու գործը: Նրա վարչակազմի անպատրաստությունը, դիվանագիտական ներգրավման մերժումը և միջազգային հանրությանը համախմբելու ձախողումը արձակել են Ադրբեջանի սանձերը: Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար։ Նրա անգործությունը խայտառակություն է Հայաստանի համար և դավաճանություն սեփական ժողովրդի գոյատևման հանդեպ:
Միջազգային հանրությունը պետք է առերեսվի իր անտարբերության հետևանքներին: Ադրբեջանի գործողություններն անպատասխան թողնելը վտանգավոր նախադեպ է: Այն ազդակ է, որ անպատժելիորեն կարելի է էթնիկ զտումներ անել, որ միջազգային իրավունքը կարող է անհետևանք ոտնահարվել, որ արդարությունը դատարկ բառ է…
Այս պահը նաև ինքնաքննադատություն է պահանջում հայ ժողովրդից և նրա կառավարությունից: Փաշինյանի անգործությունը չի կարող մոռացվել կամ ներվել: Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որը կսանձի ագրեսիան, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի սեփական արժանապատվությունը միջազգային ասպարեզում:
Բաքվի դատավարությունները ոչ միայն հարձակում են հայ ժողովրդի դեմ. դրանք փորձություն են արդարադատության և մարդու իրավունքների համամարդկային հանձնառությունների համար: Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի:
Ժամանակն է կանգնել հայ ժողովրդի կողքին՝ հանուն արդարության, ճշմարտության և այն սկզբունքների, որոնք կապում են մեզ բոլորիս որպես մարդ արարած»,- գրել է Վարդան Օսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդանյանի դեմ մեկնարկող ապօրինի դատավարությունն ադրբեջանական քաղաքական և քարոզչական առաջնահերթություններից է. Տիգրան Աբրահամյան
- Հայրենիք ողջ վերադառնալու համար Բաքվում գտնվողներն իրավունք ունեն ասելու յուրաքանչյուր բառ, որևէ մեկը չի կարող թիրախավորել նրանց. Բեգլարյան
- Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան
- Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանն այս ամենն իրականացնում է ՄԱԿ-ի քաջալերող լռության ներքո
- Պետք է ստիպենք, պահանջենք ՀՀ իշխանություններին տեղներից շարժվել և առավելագույնը կատարել մեր պատանդներին վերադարձնելու համար. Բեգլարյան
- Հույս, վստահություն ունենանք, որ նման բան չի կարող լինել. Արցախի ՄԻՊ-ը՝ Բաքվի կողմից ՀՀ-ին արված առաջարկի մասին
- ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
- Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու հայ գերիներին. Հենրիխ Մխիթարյան
- Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել
- Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
- Գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք
- ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
- Օկամպոն Գարեգին Երկրորդին ներկայացրել է Արցախում էթնիկ զտումների բարձրաձայնման, գերիների ազատ արձակման ուղղությամբ ծավալած գործունեության արդյունքները
- Սիրանուշ Սահակյան. Խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել Բաքվում գտնվող հայ գերիներին