Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին՝ նշելով, որ ձերբակալությունից 15 ամիս անց հայ քաղբանտարկյալները կանգնել են ռազմական դատարանի առաջ՝ «ահաբեկչության», «անջատողականության» և «ռազմական հանցագործությունների» մեղադրանքներով։
Պարբերականը զրուցել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերի հետ, որն արդեն իսկ մեծաթիվ խախտումներ է մատնանշել։
Le Figaro -ն գրում է, որ «ազգային անվտանգության» անվան տակ ամենայն գաղտնիության պայմաններում անցկացված այս նախնական դատական նիստին ոչ մի լրագրող, հասարակական կազմակերպություն կամ ընտանիքի անդամ ներկա գտնվելու հնարավորություն չի ստացել: Նրանք դժգոհությամբ արձանագրում են, որ մեղադրյալները կանգնում են ռազմական դատարանի առաջ, մինչդեռ նրանցից մի քանիսը երբեք համազգեստ չի կրել։ Վերջապես, նրանք մտահոգված են ադրբեջանական դատական համակարգի անկախության և անկողմնակալության բացակայությամբ, հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ Freedom House հասարակական կազմակերպությունը 2023 թվականին նախազգուշացրել էր դատական համակարգի նկատմամբ ադրբեջանական վարչակարգի սահմանած «ամբողջական վերահսկողության» մասին:
Մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը, որը ներկայացնում է Ռուբեն Վարդանյանի շահերը, արձանագրում է, որ մինչև դատավարությունն սկսվելն արդեն իսկ արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ՝ միջազգային իրավական նորմերի կոպտագույն ոտնահարումով: Վարդանյանի փաստաբանը կարողացել է հասանելիություն ստանալ իր պաշտպանյալի գործին դատավարության մեկնարկից միայն մեկ շաբաթ առաջ: «Իշխանությունները դա հիմնավորել են՝ վկայակոչելով պետական գաղտնիքը»,- պարզաբանել է նա։
Պարբերականը նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու նպատակով Ռուսաստանից ժամանած բարերար Ռուբեն Վարդանյանը 2022 և 2023 թվականներին Արցախում ծավալած գործունեությամբ միջազգային լրատվամիջոցների ուշադրությանն արժանանալու պատճառով հայտնվել է Բաքվի թիրախում։ «Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում»,- մատնանշում է նրա փաստաբանը։
Թափանցիկության տոտալ բացակայության պայմաններում 15 ամիս կալանքից հետո Ռուբեն Վարդանյանի հարազատները նշում են, որ «մեծապես անհանգստացած են նրա առողջության համար»: Ընտանիքը նրա մասին որոշ տեղեկություններ է ստացել միայն Կարմիր խաչի միջնորդությամբ իրականացված մի քանի հեռախոսազանգերի ընթացքում: Չի թույլատրվել տեսակցել ձերբակալվածին, ընդ որում՝ դա արգելվել է նույնիսկ փաստաբանին, որին ևս չեն թույլատրել այցելել իր պաշտպանյալին։
Փաստաբան Ջարեդ Գենսերի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները հենց այս քաղաքական դատավարության միջոցով «ցանկանում են վերջնականապես քանդել այն ամենը, ինչ մնացել է Արցախի նախկին Հանրապետության մարմիններից՝ նպատակ ունենալով ջնջել նրա գոյության բոլոր հետքերը»։
Պարբերականը հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը քվեարկությամբ վավերացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական առաջնորդների, այդ տարածքի ժողովրդի օրինական ներկայացուցիչների անհիմն կալանավորումը դատապարտող և նրանց անհապաղ ազատ արձակումը պահանջող բանաձևը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
- Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
- Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
- Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
- Վարդանյանի դեմ մեկնարկող ապօրինի դատավարությունն ադրբեջանական քաղաքական և քարոզչական առաջնահերթություններից է. Տիգրան Աբրահամյան
- Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու հայ գերիներին. Հենրիխ Մխիթարյան
- Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել
- Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
- Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
- Հայրս ադրբեջանական բանտում «ամբողջովին մեկուսացված է». Ռուբեն Վարդանյանի որդի
- Մենք հետևողականորեն Ադրբեջանին կոչ ենք անում հարգելու բանտարկյալների հիմնարար ազատությունները. Մեթյու Միլլերը՝ Ռուբեն Վարդանյանի կալանքի մասին