Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը, արձագանքելով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նամակին Բաքվի բանտից, հայտարարել է․
«Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի առջև են կանգնեցրել՝ պատասխանատվության ենթարկելու այն հանցագործությունների համար, որոնցում նրան մեղադրում են։ Բայց նրան զրկելով արդար դատաքննության իրավունքներից՝ նրանք արդարադատության ճիշտ հակառակն են անում։
Իշխանությունները պետք է պաշտպանեն և ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները։
Ռուբեն Վարդանյանը լուրջ մեղադրանքներ է բարձրաձայնել մարդու իրավունքների խախտումների մասին, այդ թվում՝ կալանքի ժամանակ վատ վերաբերմունքը, կեղծված գործի նյութերը ստորագրելու հարկադրանքը և պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից զրկումը։
Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ և արդյունավետ կերպով հետաքննեն այս ծանր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր կասկածվում են որպես այս ամենի պատասխանատու:
Իշխանությունները պետք է Ռուբեն Վարդանյանին տրամադրեն լիարժեք հասանելիություն իր փաստաբանների հետ շփման, ինչպես նաև բավականաչափ ժամանակ ու հնարավորություն՝ պաշտպանությունը նախապատրաստելու համար:
Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
- Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
- Վարդանյանի դեմ մեկնարկող ապօրինի դատավարությունն ադրբեջանական քաղաքական և քարոզչական առաջնահերթություններից է. Տիգրան Աբրահամյան
- Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու հայ գերիներին. Հենրիխ Մխիթարյան
- Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել