HRW. Հայաստանում արձանագրվել են դեպքեր, երբ ԼԳԲՏ աշակերտները լքել են դպրոցը
Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության հետ: Իր ամենամյա զեկույցում նշել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
«Իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հրապարակային բացահայտման պատճառով խտրականության և նվաստացման վախը և պաշտոնական հետաքննության նկատմամբ վստահության բացակայությունը շարունակում են խանգարել շատ ԼԳԲՏ մարդկանց հայտնել իրենց դեմ ատելության հիմքով հանցագործությունների մասին»,-ասված է զեկույցում։
Ըստ ԼԳԲՏ իրավունքների խմբերի, նման հանցագործությունների հետաքննությունը հաճախ անորոշ կամ անարդյունավետ է, և առաջադրված մեղադրանքները հաճախ չեն արտացոլում հանցագործների հոմոֆոբ և տրանսֆոբ շարժառիթները:
Տեղական ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը և ակտիվիստներն անցած տարվա հունվարից հուլիս ամիսներին արձանագրել են ԼԳԲՏ անձանց նկատմամբ ֆիզիկական բռնության 39 դեպք, այդ թվում՝ 27 բռնության դեպք ընտանիքի անդամների կողմից:
«Խմբերը նաև արձանագրել են մի քանի դեպքեր, երբ ԼԳԲՏ աշակերտները լքել են դպրոցը բռնության պատճառով: Խմբի կողմից փաստագրված դեպքից մեկում երեխաների աջակցության կենտրոնի տնօրենը, իբր, բացահայտել է նոր աշակերտի սեռական կողմնորոշումը այլ երեխաների մոտ, արատավորել նրան և այլ երեխաներին արգելել շփվել իր հետ»,-ասված է զեկույցում։