Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին.
«Լրատվական կայքերում տեղադրվել է նյութ, որտեղ «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի հ. 57 մսուր-մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը նամակ է ուղղել Երևանի քաղաքապետ պարոն Տիգրան Ավինյանին, որում նշվել է մանկապարտեզում առկա խնդիրների մասին։
Հարկ ենք համարում նշել, որ ներկայացված խնդիրները մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը, ավելին, դրանք ուղղված են շեղելու հ. 57 մսուր-մանկապարտեզի ղեկավար Մ. Հովհաննիսյանի վատ կառավարման արդյունքում առաջացած իրական խնդիրները, որոնց վերաբերյալ «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ը ոչ թե օրական, այլ ժամային կտրվածքով ստանում է բազմաթիվ դիմում-բողոքներ։
«Ավանի մսուր- մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ը հարկ է համարում նշել վերջին և ամենածանր խախտումը, որտեղ հ. 57 մ/մանկապարտեզ հաճախող սանը ընկնելով վնասվածք է ստանում (կապտուկ այտի շրջանում)։ Այս մասին անմիջապես խմբում գտնվող դաստիարակը տեղեկացնում է մանկապարտեզի ղեկավարին, վերջինս փորձում է կոծկել դեպքը՝ հարկ չհամարելով իրազեկել երեխայի ծնողին և ՀՈԱԿ-ի տնօրենին, ինչն իր պարտականությունն էր։ Ծնողը դեպքի մասին իմացել է, երբ օրվա վերջում եկել է երեխային տուն տանելու։ Անձամբ տեսնելով իր երեխայի վնասվածքը՝ ծնողը մոտենում է գործող ղեկավարին՝ պարզաբանելու դեպքը։ Ղեկավարը շատ հանգիստ և արհամարհական տոնայնությամբ պատասխանում է, որ մեծ բան չէ, տանն էլ կարող էր պատահել։
Ծնողը, ումից անգամ ներողություն չեն խնդրում իրենց անփույթ պահվածքի համար, նման պատասխանից վիրավորված, դեպքի մասով Երևանի քաղաքապետարանի թեժ-գիծ ծառայության միջոցով ներկայացնում է դիմում-բողոք, իսկ հաջորդ օրը նույն դիմում-բողոքը ներկայացնում է «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ՝ գրավոր տեսքով։
Հ.57 մսուր-մանկապարտեզի ղեկավարը, գիտակցելով, որ թույլ է տվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով, ինչպես նաև ներքին կարգապահական այլ ակտերով խախտումներ, իր գործողություններն ու խախտումները թաքցնելու, շեղելու նպատակով տարածում է մտացածին ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, նկատի ունենալով, որ տվյալ գործողություններն ունենալու են իրավական հետևանքներ»։
Գրառման ներքո Մ. Հովհաննիսյանն արձագանքել է.
«Տիկին Հակոբյան, զբաղված եք բացահայտ բանսարկությամբ և խաբեբայությամբ, այս գործը կավարտվի դատական հայցով, բոլոր ապացույցները կան ի տարբերություն ձեր փողոցային ժարգոնի և պահվածքի, և մանդատ բաժանելով ընտրյալ ներին, հայտարարություններ անելով՝ «ոնց կուզեք, տենց էլ կանենք, մեր ձեռնա», և շատ հետաքրքիր է, թե ինչպես դարձաք տնօրեն առանց մասնագիտական կարողություններ ունենալու, անգամ չեք գիտակցում, որ տնօրենը դուք եք, և բողոքը տնօրենի անունով է եղել, շարունակեք այդ տեմպերով, շնորհակալություն»։