Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
«2025 թվականի հունվարի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- ասել է ՔԿ խոսնակը:
329-րդ հոդվածը վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն:
Իսկ 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելության խոսք տարածելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: