Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու բացեր կան այս փաստաթղթերում շրջակա միջավայրի պահպանության մասով։ Այս հարցերին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ում կազմակերպված քննարկման ընթացքում անդրադարձավ ՀԿ փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։ Նա մանրամասն ուսումնասիրել է երկու փաստաթղթերը և եկել այն եզրահանգման, որ դրանք վերանայման կարիք ունեն։ Այսպես։
Երևանն առաջին քաղաքն է, որը միացել է «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին։ Փորձագետի դիտարկմամբ՝ նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը, մեղմել շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը, բարձրացնել Երևան քաղաքի բնապահպանական ակտիվների որակը՝ որպես արդյունք երաշխավորելով բնակիչների կյանքի որակի բարելավումը։
Զուհագեռ ուսումնասիրել են նաև Երևանի գլխավոր հատակագիծը։ Նրա գնահատմամբ՝ այն կանխատեսական բնույթի փաստաթուղթ է, որը սահմանում է քաղաքի զարգացման ռազմավարությունը հեռանկարով մինչև հաջորդ քաղաքաշինական փաստաթղթի մշակումը՝ հիմնված ժամանակակից վիճակի փաստագրման և պոտենցիալ տնտեսական հնարավորությունների իրական գնահատման վրա։
«Մենք ուսումնասիրել ենք մի քանի բաղադրիչներ՝ օդը, ջուրը, էներգետիկան, թափոնները։ Այս ողղություններով համեմատություններ ենք անցկացրել երկու փաստաթղթերի միջև, թե որքանով են այս դրանք համահունչ։ Հատակագծում կա «շրջակա միջավայրի բարելավման ուղղություններ» բաժինը, որտեղ ներառված են օդի մաքրություն, կենցաղային թափոնների կառավարում, Նուբարաշենի աղբավայրի մեկուսացում, հանքավայրերի ռեկուլտիվացիա, մակերևութային ջրերի մաքրում, Երևանյան լճի և գետի մասով։ Ըստ իս՝ այս ուղղություններում նշված չեն կանաչ տարածքների ավելացման, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումները։ Բայց այս խնդիրներից առնվազն երեքը օդի վիճակին անդրադառնում է։ Կարծում ենք, որ Երևանի չի հասել է «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրիով իր թիրախին և մենք չունենք այսօր սահմանված ցուցանիշը ՝ մաքուր օդը, որն ուզում էինք ունենալ, քանի որ կան աղտոտվածության գերազանցումներ։ Երևանի ավագանու որոշմամբ սահմանված պարտավորությունները՝ փոշու աղտոտվածության վերաբերյալ, ոչ բոլոր տնտեսվարողներն են պահպանում, բոլորս էլ տեսնում ենք,թե այդ շենքները ինչքանով են թաղանթապատված։
Հատակագծում նախատեսված չեն մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքով սահմանված մի շարք միջոցառումներ , այդ թվում՝ շինհրապարակների ջրցանումը, բեռնատար մեքենաների անվադողերի լվացման միջոցառումները և այլն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հանքերին, ապա հատակագծում նշված է միայն մեկ հանքի ռեկուլտիվացիայի մասին։ Բուռնազյանն այստեղ խնդիր է տեսնում։
«Երևանի քաղաքապետարանը ցանկանում է ինքը ռեկուլտիվացնել հանքը, բայց մենք ունենք պետական դրամագլուխ , որտեղ ընդերքօգտագործողները վճարում են գումարներ, եթե իրենք չեն կարող հանքը ռեկուլտիվացնել, ապա այդ աշխատանքը պետք է արվի վճարված գումարներով։ Այսօր , փաստորեն, կա խնդիր, եթե համայնքն ինքն է նախաձեռնում նման աշխատանք իրականացնել։ Բացի լքված 15 հանքերից, ունենք գործող 17 հանքեր , որոնք ընդերքօգտագործման պայմանագրերով ունեն հստակ բնապահպանական պարտավորություններ, այդ թվում ՝ մթնոլորտային օդի պահպանության առումով, բայց այս առումով ակնհայտ է, որ իրենց աշխատանքում կա խնդիր»,- ասաց փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ օդի որակի վերաբերյալ սահմանված նպատակին հասնելու համար Երևանի հատակագծի շրջակա միջավայրի պահպանության բաժնի միջոցառումները բավարար չեն։
««Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրով նախատեսված էր, որ պետք է բացահայտեին բոլոր աղտոտող ձեռնարկությունները,մինչդեռ հատակագծում այս մասին ոչինչ չկա նշված։ Զարգացման ծրագրում թեև նշված է, որ ունենք 400 մթնոլորտային օդն աղտոտող ձեռնարկություն։ Հատակագծում ոչ մի առաջարկ չկա նաև քաղաքի օդափոխության մասով։ Վերջերս շատ է խոսվում, որ ձմռան ամիսներին Երևանում օդափոխություն չի լինում և աղտոտվածությունն էլ ավելի է ծանրանում մթնոլորտում։ այս առումով որևէ առաջարկ չենք տեսնում»,- հավելեց Բուռնազյանը։
Նա նաև նշեց, որ հատակագծում նշված չեն լուծումները սակավաջրության պայմաններում։
«Մենք ունենք 13 ջրաղբյուր, որից օգտվում է Երևանը։ Ջրի պահանջարկը գնալով ավելանում է և, կլիմայի փոփոխության համատեքստում, մենք ունենալու ենք սակավաջրություն։ Այս խնդիրը չի դիտարկվել հատակագծում։ Բացի դրանից, 13 ջրաղբյուրներից 5-ի շահագործման պաշարները հաստատված չեն , իսկ երեքինը՝ վերագնահատման անհրաժեշտություն ունեն։ Միայն երկու ջրաղբյուրի պաշարներն են հաստատված։ Իմ կարծիքով՝ ջրառն իրականացվում է անորոշության պայմաններում։ Եթե չունենք հաստատված պաշարներ, ապա կան ռիսկեր ջրային ռեսուրսների հյուծման, էկոլոգիական հավասարակշռության պահպանման և քաղաքի ջրի պահանջարկի բավարարման տեսանկյունից»։
Փորձագետը կարծում է, որ Երևանի հատակագիծը շատ արագ է գրվել և վերանայման կարիք կա։
«Մենք կարծում ենք, որ երկու փաստաթղթերն էլ վերանայման կարիք ունեն։ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրն արդեն պետք է մոնիթորինգ անել և թարմացնել, իսկ հատակագիծը կարող է ավելի լավը լինել՝ ի նպաստ բոլորի»,- եզրափակեց Բուռնազյանը։
Լուսանկարում՝ Վիկտորյա Բուռնազյան