Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ, որում ասվում է.
«Հայ ռազմաքաղաքական առաջնորդների դեմ Ադրբեջանի Հանրապետության վարած ապօրինի հաշվեհարդարի գործընթացն անցնող շաբաթ դրսևորվեց բեմադրված շինծու «դատավարության» տեսքով։
«Հայկական նախագիծ» կազմակերպությունն այս առնչությամբ արձանագրում է, որ տեղի ունեցողը թշնամական պետության կողմից իրականացվող պատանդառության և քաղաքական հաշվեհարդարի ակտ է։ Ադրբեջանի գործելաոճը հիշեցնում է պատմության ընթացքում Հայաստանի տարատեսակ ախոյանների հաշվեհարդարները հայ իշխանական տների դեմ։ Նման պահվածքը վստահաբար քաջալերված է նաև Անկարայի կողմից, որը համանման հանցագործություններ է կատարել սփյուռքահայ քաղաքական առաջնորդների դեմ, ինչպես օրինակ՝ Բեյրութից Աբրահամ Աշճյանի առևանգումը և սպանությունը 1982 թ․-ին։
Ադրբեջան պետությունը, թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությունն արձանագրելով՝ որպես կատարվողի հիմնական պատճառ՝ պարտավոր ենք նշել, որ հայ ռազմաքաղաքական առաջնորդների պատանդառության և առհասարակ Արցախի հայությանը ցեղասպանության և ժամանակավոր բռնագաղթի հասցնելու հարցում ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են, այսպես ասած, օժանդակ դերակատարում։ Միտումնավոր և հետևողականորեն տապալելով Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշմամբ (1989 թ․), Հայաստանի անկախության հռչակագրով (1990 թ․), Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին որոշմամբ (1992 թ․) իրենց վրա դրված պարտականությունները, ինչպես նաև փոշիացնելով Հայաստանի երրորդ հանրապետությանը ծնունդ տված Արցախյան շարժման և պատերազմի ձեռքբերումները՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները հավելյալ հիմք են ստեղծել թշնամու զույգ ագրեսիաների (2020 թ․ և 2023 թ․) համար՝ Արցախը և Արցախի հայությանը փաստացի թողնելով թշնամու դեմ մենակ։
Հայ ռազմաքաղաքական առաջնորդների պատանդառությունն ավելի արտահայտիչ է դարձնում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հանցավոր շահակցությունն Ադրբեջանի հետ։ Հենց այդ շահակցությամբ է բացատրվում պաշտոնական Երևանի կողմից որևէ իրական բողոքի կամ դիմադրության բացակայությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ, իրավիճակի ողբերգականությունը չի կարող արդարացում լինել հուսահատության կամ սթափությունը կորցնելու համար։ Իրավիճակի սթափ գնահատականը հուշում է, որ հարցը կարող է լուծվել բացառապես Հայաստանում ազգային շահերին և օրակարգին ծառայող իշխանությունների առկայության պարագայում։ Նման հավակնություն ունեցող որևէ ուժից կամ ուժերից ժողովուրդն իրավասու է այսօրվանից արդեն պահանջելու հետևողական պայքար Հայաստանի և հայության դեմ իրականացվող անարդարությունների դեմ, որոնց շարքում է նաև հայ ռազմաքաղաքական առաջնորդների դեմ ապօրինի հաշվեհարդարի գործընթացը։
Մեր սրտակցությունն ենք հայտնում պատանդառվածների ընտանիքներին։ Ձեր հարազատները բախտակից ու չարչարակից են հայոց պատմության ընթացքում ազգի ու հայրենիքի ազատության համար պայքարած բյուրավոր հերոսների հետ։ Նրանց զոհողությունն անիմաստ չի եղել և անիմաստ չի անցնելու։
«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ
Երևան, 19 հունվարի 2025 թ․»;
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
- Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
- ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
- Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
- Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ