Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի SMS ուղարկի. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
«Նախկին պաշտոնակատարին ընտրեցիք նույն դրական ներկայացմամբ, որի գործունեության վերաբերյալ ոչ մի թթու խոսք ոչ մի անգամ չեք հնչեցրել, ով ձեր բոլորի նման անհրաժեշտ կոճակները միշտ սեղմել է և ընդամենը ձեր բռնապետի պահի որոշման տակ հրաժարական տվեց։ Ձեզ՝ բոլորիդ սպառնում է նույն վիճակը»,-ԱԺ-ում հայտարարեց Արմենուհի Կյուրեղյանը՝ ելույթ ունենալով ԱԺ Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ։
Ընդդիմադիր պատգամավորն ակնարկեց պատգամավորի մանդատը դրած հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին։
«Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է վատ տրամադրության ազդեցության տակ ընկնել և անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի SMS ուղարկի։ Ինչո՞ւ եք թույլ տալիս ձեր նկատմամբ նման վերաբերմունք։ Բոլորդ Վահագն Ալեքսանյանի ասած «ուսապարկը» հո չե՞ք... Ես այդպես չեմ մտածում»,-ասաց Կյուրեղյանը։
Նա նշեց, թե ՔՊ-ականները մոռանում են,որ երկրի խորհրդարանական են և իրենք են վարչապետ ընտրում, այլ ոչ թե վարաչապետը՝ պատգամավոր։
«Նա է գալիս ձեզ հաշվետվություն տալու, ոչ թե դուք եք գնում նրա մոտ հաշվետվություն տալու։ Ուշքի եկե՛ք, մտածե՛ք, ինչքա՞ն պետք է հանդուրժեք այդ մարդու հրահանգով երկիրը թշնամուն հանձնելու գործընթացը։ Իր գործն անելուց հետո այդ մարդը փախչելու է այս երկրից, դուք և ձեր ընտանիքներն են մնալու երկրում, դուք և ձեր երեխաներն են վաղը պատասխանելու աստծո առաջ։ Էնքան «մեծարգո» ասելով գլուխ խոնարհեցիք նրա առաջ, որ ձեզ հետ վարվում է այնպես, ինչպես ուզում է՝ SMS է ուղարկում, անձնական էջեր է ընթերցում և տարածում»,-հայտարարեց պատգամավորը։
Արմենուհի Կյուրեղյանը, տեղեկացնելով, որ «արգո» նշանակում է ժարգոն, որևէ ենթամշակույթին պատկանող ծածկալեզու, գողալեզու, հարցրեց. «Հետաքրքիր է, թե դուք որ բացատրությունն ունեք նրան «մեծարգո» դիմելիս»։
Նա նաև հայտնեց որ իշխանական մեծամասնության բոլոր պատգամավորները պատիժ են կրելու Փաշինյանի արածների համար, անպատիժ չեն մնալու։
Հարակից հրապարակումներ`
- Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
- Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
- Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար