Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է երկրի պատրաստակամությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո վերականգնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
«Մենք կարող ենք ևս մեկ անգամ արձանագրել մեր պատրաստակամությունն ու ցանկությունը էապես վերականգնել հարաբերությունները, զրոյից թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունները: Հուսով ենք, որ կարևոր հաջողություններ կունենանք այս ուղղությամբ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կառավարության նիստում ասել է Կոբախիձեն՝ խոսելով Թրամփի կայանալիք երդմնակալության արարողության մասին։
Կոբախիձեն նաև նշել է, որ վերջին չորս տարին ամբողջ աշխարհում բարդ է եղել, իսկ Վրաստանում «հեղափոխության չորս փորձ» է եղել։ Վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկա չորս տարիները՝ Թրամփի իշխանության օրոք, շատ ավելի հանգիստ կլինեն, ինչը, ըստ նրա, դրական կանդրադառնա նաև Վրաստանի վրա։
«Նախագահ Թրամփն ունի շատ հավակնոտ ծրագիր՝ դիպստեյտի՝ խորը պետությունը տապալելու ծրագիր, և մենք ցանկանում ենք հաջողություն մաղթել նախագահ Թրամփին այս հարցում: Այս հարցում հաղթանակը վճռորոշ կլինի վրաց-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար»,-հայտարարել է Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Թրամփի հաղթանակը խորը պետության նկատմամբ կօգնի «առողջ արժեքների» տարածմանը, այն արժեքների փոխարեն, որոնք տարածվել են ամբողջ աշխարհում վերջին չորս տարիների ընթացքում»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններ կանցկացվեն, որին կմասնակցի Ադրբեջանը, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակում կլինի
- Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
- Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
- Վրաստանի նախկին նախագահը դարձել է Քիսինջերի կրթաթոշակառու