
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրեց՝ հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքերի մանրամասն փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակներում համագործակցության և համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Ուշադրության կենտրոնում է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։
Հույս ունենք, որ առաջիկա հանդիպումը կանցնի կառուցողական, կնպաստի համագործակցության գործնական խնդիրների առաջխաղացմանը և կնպաստի Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»: