Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։
Ըստ աղբյուրի, արտահանձնվողները՝ կազմակերպված հանցավորության պարագլուխ Էրջան Յըլմազը և նրա հանցակից Իբրահիմ Քայմակը հետախուզվում էին Ինտերպոլի կարմիր ծանուցումներով։
Նրանց գտնելու գործողությունը համակարգել են թուրքական մի քանի գերատեսչություններ, այդ թվում՝ արդարադատության և արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաև ՆԳՆ անվտանգության գլխավոր տնօրինության Ինտերպոլ-Եվրոպոլի վարչությունը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը X-ում նշել է, որ Յըլմազը, ով հանդիսանում է«Բարիս Բոյուն» հանցավոր կազմակերպության անդամ, վերջին 15 տարվա ընթացքում հետախուզվում էր Թուրքիայում՝ 43 ձերբակալման օրդերով և 14 տարի միջազգայնորեն։
Հիշեցնենք, որ Բարիս Բոյուն անցյալ տարի ձերբակալվել էր Իտալիայում։ Նրա հանցախումբը, որը տեղակայված է Թուրքիայի հյուսիսային Օրդու նահանգում, անցյալ տարի ամբողջ երկրում ենթարկվել է մի շարք գործողությունների թուրքական ոստիկանության կողմից։
Հանցավոր ցանցի մյուս անդամ Քայմակը վեց տարի հետախուզվում էր երկրում՝ 10 ձերբակալման օրդերով, իսկ միջազգային մակարդակով՝ արդեն մեկ տարի։ Երկուսն էլ տեղափոխել են Թուրքիա՝ «արդարադատության առաջ կանգնելու։
«Թուրքիան բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»,- ասվում է ԱԳՆ-ի առանձին հայտարարության մեջ։
Sabah պարբերականը գրում է, որ Թուրքիայի Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին երկու տղամարդկանց ձերբակալման և արտահանձնման գործում համագործակցության համար։
Հայաստանի ու Թուրքիայի միջև արտահանձնման նման գործընթացները խիստ հազվադեպ են լինում։
«ՆԳ գործող նախարարի պաշտոնավարման օրոք Թուրքիան վերսկսել է քրեական խմբավորումների դեմ պայքարը, ինչի հետևանքով շատ մաֆիոզներին լքել երկիրը։ 2023-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում Բարիս Բոյունի հանցախմբի վեց անդամներ սպանվեցին իրենց մրցակիցների կողմից»,-գրում է աղբյուրը։
Թուրքական մաֆիայի առաջնորդ Բարիս Բոյունը Թուրքիայի քաղաքացի է 1984 թվականից, անցած տարի նա ու կազմակերպության հետ կապ ունեցող ևս 18 մարդ կանգնել էր Միլանի դատարանի առաջ։
Կազմակերպության անդամների մի մասն ապրում էր Իտալիայում, մյուսները՝ Շվեյցարիայում, Գերմանիայում, Թուրքիայում և այլուր։ Խմբի անդամները մեղադրվում էին տարբեր հոդվածներով՝ զինված հանցախումբ, որն ուղղված է ահաբեկչական նպատակներով ասոցիացիա ստեղծելուն, ահաբեկչական հարձակումներ իրականացնել, մահաբեր զենքի ապօրինի պահում ու կրում, պայթուցիկ նյութերի, թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառություն, սպանություններ և անօրինական ներգաղթին աջակցություն և այլն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
- Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային