Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն է: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Մինչ ԱՄՆ-ում այսօր՝ հունվարի 20-ին, նախատեսվում է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ինաուգուրացիայի (երդմանակալության) արարողությունը, թուրքական մամուլում թեման մեծ թափով հանրայնացվում է՝ հիմնականում «Հարաբերություններն ինչպե՞ս կձևավորվեն» հարցադրումով:
Ընդգծվում է, որ չնայած Թրամփը պատմության էջերում մնացել է որպես միակ ԱՄՆ նախագահ, ով Թուրքիայի դեմ 5 անգամ պատժամիջոց է սահմանել, ակնկալիք կա, որ թուրքական կողմի նկատմամբ դրական քաղաքականություն է վարելու:
«Թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր ժամանակաշրջան է սպասվում»: Տարածվող նման տեսակետը հիմնավորվում է Թրամփի խոսքերի մեջբերմամբ.
«Էրդողանն իմ բարեկամն է և ես հարգում եմ նրան: Կարծում եմ՝ նա էլ ինձ է հարգում»:
Բացի այդ ընդգծվում է այն միտքը, որ Թրամփն անուղղակիորեն գովաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայում իրականացրած քաղաքականության համար, իսկ Իրանին և ՌԴ-ին համարել այդ երկրում արդեն իսկ թուլացած դերակատարներ:
Մամուլում ուշադրություն է հրավիրվում նաև Սիրիայում գործող քուրդ զինյալների և ԱՄՆ-ի միջև առկա համագործակցության վրա: Նշվում է, որ հատկապես այդ ուղղությամբ Թրափմի վարած քաղաքականությունը որոշիչ կլինի Թուրքիայի համար: