Վանաձորի դրամատիկական թատրոնը մասնակցում է Թեհրանի «Ֆաջր» փառատոնին՝ ներկայացնելով gեղաuպանված մի ընտանիքի պատմություն
Իրանի Թեհրան քաղաքում հունվարի 22-ից փետրվարի 1-ը կանցկացվի «Ֆաջր» միջազգային 43-րդ թատերական փառատոնը, որին կմասնակցի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։
Թատրոնի PR պատասխանատու Գոռ Փելեշյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Վանաձորի դրամատիկական թատրոնը փառատոնին կներկայանա Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» ներկայացմամբ (բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի)։
Այն ներկայացնում է ցեղասպանված մի ընտանիքի պատմություն, բայց գործողությունները կատարվում են իրականի ու երևակայականի սահմանագծում. 21-րդ դարն ու 1915-ը խաչաձևվում են էրզրումյան` այլևս գոյություն չունեցող տան պատերի ներսում։
«Մեկ ժամ հիշողություն» ներկայացման մեջ առանց արյունոտ և դաժան դրվագների, սակայն ամենայն հանգստությամբ, խորությամբ ու կսկիծով է ներկայացվում հայ մարդու ճակատագիրը: Երբեմն այդ կարծեցյալ հանգստության հետևում քողարկված է իսկական ողբերգությունը:
Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ 2015 թվականի նոյեմբերի 24-ին ներկայացվել է Երևանում, 2016 թվականին «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի` «Տարվա լավագույն» ներկայացում անվանակարգում։ 2024 թվականին մասնակցել է «Թատերական Լոռի» 30-րդ միջազգային թատերական փառատոնին։
«Ֆաջր» թատերական փառատոնը Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է: Վանաձորի դրամատիկական թատրոնը փառատոնի շրջանակում Թեհրանում կգտնվի հունվարի 26-30-ը։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում առաջիկայում կլինեն պրեմիերաներ, իսկ մինչ այդ «Ոստրեն ու Մարգարիտը»՝ երևանյան բեմում
- Վանաձորի դրամատիկական թատրոնում «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում ելույթ կունենա նաև Մոսկվայի հայկական թատրոնը
- Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում նոր թատերաշրջանում կլինեն պրեմիերաներ, այդ թվում՝ «Վիշապը» քաղաքական սատիրան
- Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի նոր ներկայացումը՝ «անսովոր» միջավայրում
- Այսօր դժվար է հետաքրքրել մանուկ հանդիսատեսին, ինչը Վանաձորի Աբելյանի անվան թատրոնին հաջողվել է