Ստեղծվում է բողոքներ ներկայացնելու միասնական հարթակ. ի՞նչ կշահի սպառողը
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդառնա նաև սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնական մարմին՝ վերանվանվելով Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով։
Ի՞նչ կշահի սպառողը։ Հարցի պատասխանը ստանալու համար «Իրազեկ սպառող» հաղորդաշարն հյուրընկալել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին։
Հանձնաժողովի նախագահի խոսքով, լիազոր մարմինը զբաղվելու է սպառողների իրավունքների կոլլեկտիվ պաշտպանության խնդիրներով՝ ըստ էության կիրառելով վարչական պատասխանատվության գործիքակազմ։
Իսկ ահա սպառողների իրավունքների անհատական պաշտպանության տեսանկյունից մշակվելու են գործիքներ, որոնք ինստիտուցիոնալ լուծման մեխանիզմներ են սահմանելու՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության և խնդիրների լուծման հարցում վերջիններիս ներգրավման ուղղություններով։
Բանախոսը նշել է, որ օրենսդրությունը հարմոնիզացվում է Եվրոպական Միության օրենսդրության հետ՝ կարևորելով բոլոր օղակների միջև օրգանիկ կապը։
Հաղորդման ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադարձել է պետական կառույցների հետ փոխգործակցության խնդիրներին՝ ընդգծելով պետական կառույցների ապակառուցողական և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, սպառողների սպասումները, ինչպես նաև նույն հարցի շուրջ տարբեր պետական մարմինների տարբեր դիրքորոշումները, մասնավորապես, երբ կառույցներից մեկը երաշխավորում է բողոք ներկայացնող քաղաքացու գաղտնիությունը, մյուսը՝ ոչ։