Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝ Քաղաքաշինության կոմիտեն հստակեցնում է դիմումների ներկայացման ժամկետները։
Մասնավորապես՝ եթե հունվարի 1-ից առաջ ստացել եք թղթային տարբերակով հաստատված կառուցապատման թույլտվություններ, ապա հաջորդող փուլերի համար նախատեսված դիմումներն urban.e-gov.am հարթակով ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես թվայնացնել առկա թղթային թույլտվությունները հարթակի «Կառուցապատման թույլտվությունների թվայնացման դիմումներ» բաժնով։
Եթե թղթային թույլտվությունների թվայնացմամբ պայմանավորված հնարավոր չէ հաջորդող փուլերի դիմումները urban.e-gov.am հարթակով ներկայացնել օրենքով սահմանված ժամկետներում, ապա հաջորդող փուլերի համար դիմումի ամսաթիվ կհամարվի նախագծման թույլտվության թվայնացման դիմումի ներկայացման օրը։ Այսինքն՝ ժամկետի խախտում չի արձանագրվի:
Օրինակ՝ եթե ցանկանում եք դիմել շինարարության թույլտվության երկարաձգման համար, սակայն օրենքով սահմանված ժամկետում դա հնարավոր չէ, քանի որ սպասում եք թղթային նախագծման թույլտվության (ՃՀԱ) թվայնացման դիմումի հաստատմանը, ապա շինարարության թույլտվության երկարաձգման դիմումի ամսաթիվ կհամարվի urban.e-gov.am հարթակով նախագծման թույլտվության (ՃՀԱ) թվայնացման դիմումի ներկայացման օրը։