Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին օրը հրահանգել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամակցությունը։ Այս մասին գրում է միջազգային մամուլը։
«Միացյալ Նահանգները դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, քանի որ այն սխալ է գործել COVID-19 համաճարակի և միջազգային առողջապահական այլ ճգնաժամերի ժամանակ»,-«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, նշել է նա։
Թրամփի խոսքով, ԱՀԿ-ն չի կարողացել անկախ գործել «ԱՀԿ անդամ երկրների ոչ պատշաճ քաղաքական ազդեցությունից» և պահանջել է «անարդարացիորեն շատ վճարումներ» ԱՄՆ-ից, որոնք անհամաչափ են այլ, ավելի մեծ երկրների, օրինակ՝ Չինաստանի կողմից տրամադրվող գումարներին:
«ԱՀԿ-ն մեզ խաբել է։ Բոլորն են խաբում ԱՄՆ-ին։ Բայց էլ նման բան չի լինի»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։
ԱՀԿ-ն առայժմ չի մեկնաբանել Թրամփի այս հայտարարությունները։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը այսօր հերթական ճեպազրույցում հայտնել է. որ ԱՀԿ-ի դերը համաշխարհային առողջապահության կառավարման մեջ պետք է միայն ուժեղացվի, ոչ թե թուլանա: