Լավրով. Մոսկվան Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մեկի կողմը չի բռնում
Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվան որևէ մեկի կողմը չի բռնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարտ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրողը հարցրեց. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Դուք հաճախ, այդ թվում նաև այսօրվա ելույթում, նշում եք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում և փորձում է նպաստել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանը։ Սակայն հաճախ Ռուսաստանի պաշտոնական կամ լրատվական հռետորաբանության մեջ ակնհայտորեն նկատելի է Ռուսաստանի դիրքորոշման սինխրոնիզացում Ադրբեջանի մոտեցումների հետ, իսկ երբեմն դրանք նույնիսկ համընկնում են։ Նման պայմաններում ինչպե՞ս կարելի է նպաստել կայունությանը»։
«Ես լավ չեմ հասկանում, թե ինչի հիման վրա եք նման եզրահանգումներ անում, որ մեր դիրքորոշումները համընկնում են Ադրբեջանի հետ այն հարցի համատեքստում, որ մենք խնդիր ունենք Հայաստանի հետ։ Ստացվում է, որ Հարավային Կովկասի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերում, ձեր հարցից ելնելով, տպավորություն է ստեղծվում, որ մենք նույն կողմում ենք։ Դա սխալ է»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ իրենք զբաղում են հրատապ հարցերով, իրենք շահագրգռված են, որ Երևանն ու բաքուն ապրեն բարիդրացիական ու խաղաղ պայմաններում։
«Մեր հարաբերությունները գործընկերային ու դաշնակցային են և Ադրբեջանի, և Հայաստանի հետ։ Եվ մենք այս հարցում շահագրգռություն ունենք, ի տարբերություն այն երկրների, որոնք հեռու են Հարավային Կովկասից ու առաջ են քաշում բոլորովին այլ օրակարգ, որի նպատակն է հնարավորինս երկար պահպանել լարվածությունը՝ հույս ունենալով, որ այդ լարվածության շրջանակներում նրանք ավելի արդյունավետ կխթանեն իրենց աշխարհա-ռազմավարական շահերը»,-ասել է Լավրովը։
Նրա խոսքով, Ռուսաստանն առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով եռակողմ ձևաչափով ՝ Երևանի և Բաքվի համաձայնությամբ 2020- 2022 թվականներին։
«Կնքվել են եռակողմ համաձայնագրերի մի ամբողջ շարք՝ ընդհանուր կարգավորման և խաղաղության պայմանագրի, այս տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ապագայում սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ։ Եվ մենք այս աշխատանքին մասնակցում ենք ճիշտ այնքանով, որքանով մեր մասնակցությունը պահանջում են Երևանն ու Բաքուն, ոչ ավել, ոչ պակաս»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։