Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է
«Ամենևին չեմ զարմանա, եթե նշանակեն փորձաքննություն ու հայտարարեն, որ օպերատորի մոտ հայտնաբերած դանակը համապատասխանում է սառը զենքի չափանիշներին»,-ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ հայտարարեց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Newday-ի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին ԱԺ շենքից ձեռնաշղթաներով տանելուն։
Հիշեցնենք, որ ԱԺ մուտք գործելիս նրա մոտ փոքր դանակ են գտել, ինչն էլ ԶԼՄ ներկայացուցչին ձերբակալելու պատճառ է դարձել։
Մելիքյանն ասաց, սովարաբար փորձաքննությունը տևում է մինչև 1-1.5 ամիս։
«Այո, կան որոշ բաներ, որ անհանգստացնում են, հատկապես ձեռնաշղթաներ հագցնելու մասը, դրա կարիքը հաստատ չկար»,-ընդգծեց իրավապաշտպանը։
Նրա խոսքով, եթե փորձաքննությունը հաստատի, օպերատորի մոտ եղած դանակը սառը զենք է, ապա կսպառնա տուգանք։
Ջանիբեկ Խաչատրյանի հետ տեսակցած փաստաբանն ասաց, որ այսօր օպերատորն ազատ կարձակվի։