Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում, բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության մասին հարցին։
Ըստ նրա, ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում։
«Ցավալի է, հույս ունենանք դատավարության ավարտը հնարավորությունը կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով ետ բերելու և ազատելու քննարկում ունենալ»,- նշեց նա։
Հարցին՝ Արցախի ներկայացուցիչները, ընդդիմությունը հայտարարում է, որ հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրել, որպեսզի հարցը...
«Ղարաբաղի ո՞վ է հայտարարում»,- հարցրեց Ալեն Սիմոնյանը։
«Արցախի նախկին... »,- ասաց լրագրող։
«Ղարաբաղի ո՞վ է հայտարարում։ Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին, ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ ավելի լավ կլինի հնարավորինս շատ չխառնվեն, լռեն, իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին՝ դրա հետևանքը տեսանք։ Կարծում եմ՝ ճիշտն իրենց կողմից լռելն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ իրենց ճակատագրի մասին որոշումներ կայացվեն, իրեք լռե՞ն, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Իրենք Հայաստանում կարգավիճակ ունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք փախստական։ Հայաստանի իշխանությունը մեկն է և, այո, մենք պետք է որոշում կայացնենք, իրենք այդ որոշումներին ենթարկվեն, այլ ոչ թե փորձեն իրենք առանձին օրակարգ բան անեն։ Դա չի էլ ստացվելու, թույլ էլ չենք տալու, ուստի թող իմանան՝ ով ինչով է զբաղվում, հանկարծակի չսխալվեն։ Բազմիցս դրա մասին ասվել է»։
Լրագրողի դիտարկմանը՝ «ձեր կայացրած որոշմամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, այդ մարդիկ մնացին առանց հայրենիք», Սիմոնյանն արձագանքեց. «Մեր կայացրած որոշումով չէ։ Արցախը... Ղարաբաղը, Ղարաբաղը, Ղա-րա-բա-ղը, Ղարաբաղը երբևէ Հայաստանի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն որևէ իշխանության ժամանակ և Հայաստանը իր որևէ հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի և չի ունեցել»։
Լրագրողը հետաքրքրվեց՝ հատո՞ւկ է շեշտում Ղարաբաղ, նա ասաց. «Այո, կարծում եմ ճիշտը Ղարաբաղ ձևակերպումն օգտագործելն է»։
Լրագրողը հիշեցրեց, և հարցրեց, թե ինչո՞ւ է ասել, թե Աղդամն իր հայրենիքն է, Սիմոնյանն ասաց. «Բոլորս էլ սխալվում ենք։ Էլի հարցեր ունե՞ք»: