Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
«Այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ ստացողները, իսկ հաջորդ տարվանից՝ արդեն ՀՀ բոլոր քաղաքացիները»,-հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա հիշեցրեց, որ տարվա սկզբում պարզ էր դարձել, որ ՊԵԿ համակարգը պատրաստ չէ եկամտի համընդհանուր հայտարարագրմանը։
«Եկամուտների տարեկան հայտարարագրումը թափանցիկության ապահովման և ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը։ Ակնհայտ է, որ եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի ստվերային եկամուտ, որն արտացոլված չէ եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում, ապա նա այդ եկամուտը չի ներառելու նաև իր հայտարարագրում։
Անօրինական եկամուտների հայտնաբերումն այսպես, թե այնպես շարունակելու է մնալ հարկային մարմինների վերահսկողության ներքո, որի անարդյունավետության խնդիրները՝ գնալով աճում են»,-այս Ավետիսյանը։
Նա հայտնեց, որ դրանով հավաքագրվում է նույն տեղեկատվությունը, որն արդեն առկա է հարկային մարմիններում։
«Առանց հայտարարագիր ներկայացնելու պարտադիր պահանջի էլ պետությունը կարող է քաղաքացիներին փոխհատուցել սոցիալական ծախսերի որոշակի մասը՝ եթե իրական ցանկություն կա, ինչպես արվել է»-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և, նկատելով, որ նույն տեղեկատվության կրկնակի հավաքագրումը չի կարող ապահովել ավելի բարձր ճշտություն պետական աջակցության ծրագրի շահառուների վերաբերյալ՝ իբր այդ ծրագրերի հասցեականությունը բարձրացնելու նպատակով, հավելեց. «Նման ձևով ներդրվող եկամուտների հայտարարագրման համակարգը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից ոչ լիարժեք ու համարժեք և իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարության անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք»։
Հարակից հրապարակումներ`
- Ազատվել «կապիտուլյացիա, թե պատերազմ» կործանարար երկընտրանքից. Արմեն Ռուստամյան
- Հայ մարդուն ցեղաuպшնի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան
- Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան