Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.
«Այսօր շատ կարևոր օրերից մեկն է մեր թիմի համար` ներկայացնելու ենք տարեկան կատարված աշխատանքները: Որոշ մարդիկ ինչ-որ տեղերից իմանալով, որ հենց այսօր է այդ օրը, փորձում են էմոցիոնալ «ճայթքումներ» առաջացնող հոդվածներով ազդել ընթացքի վրա: Բայց ախր չեք կարող ցուցանիշները հետ պտտել, դրանք անփոփոխ են անցած տարվա համար։
Եվ առողջական վիճակով պայմանավորված տարկետումը բավական է շահարկեք տարին մի քանի անգամ պատվիրված թանկարժեք հոդվածներով, չհոգնեցի՞ք»։
«Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան վերջնականապես ազատել զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով:
Բացի այս սկանդալից, կա ևս մեկը. Լենա Նանուշյանը ամեն բան անում է, որ դիրքերն ամրացնի, և Ավանեսյանի շուրջ պրկված օղակի գործելուն պես, երբ նախարար Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը։
Ասել է թե` Անահիտ Ավանեսյանի տեղակալը գործում է իր դեմ և գաղտնի պլաններ է գծում առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ միասին։
«Ժողովուրդը» փորձեց Նանուշյանից մեկնաբանություններ ստանալ, բայց ապարդյուն»։