Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին մանիպուլացնել մեզ, ճիշտ հակառակը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նա նշեց, որ խոսքն ուղղում է օրինապահ, հարկ վճարող քաղաքացիներին. «Ուզում ես մի քանի րոպեում մինչև 100,000 դրամ ստանալ՝ լրացրու հայտարարագիրդ»։
Ս. Գաբրիելյանի խոսքով, հայտարարագիրը լրացնելուց հետո ՊԵԿ-ը բանկային հաշվին կփոխանցի մինչև 100 հազար դրամ նախորդ տարում քո կամ ընտանիքիդ անդամների համար կատարածդ առողջապահական կամ կրթական ծախսերիդ դիմաց։
«Համընդհանուր հայտարարագրումը տվյալ ժամանակահատվածում հարկերը վճարած օրինապահ քաղաքացու համար որևէ նոր հարկային պարտավորություն չի առաջացնում, որևէ նոր հարկատեսակ չի ավելացնում, որևէ գումար չի գանձվում հարազատից, ընտանիքից, բարեկամից, խնամի-ծանոթ-ընկեր-քավոր-և ուրիշներից ստացած գումարի համար»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
- Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
- Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
- ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
- Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ