Փաշինյանն ու կինը կողմ են տրանսպորտի թանկացմանը
Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը կողմ է Երևանում հանրային տրանսպորտի թանկացմանը, իսկ թանկացմանն ուղղված քննադատությունները հա համարում է կրթված չլինելու հետևանք։ Նա ԶԼՄ-ների՝ 2013 թ. ու 2025 թ. հրապարակումների լուսանկարներ է հրապարակել իր էջում ու նշել.
«Առաջին երկու լուսանկարում 2013 թվականի հուլիս ամսվա հայկական մամուլի հրապարակումներ են։
Հաջորդ երկու լուսանկարում 2025 թվականի հունվար ամսվա հայկական մամուլի հրապարակումներն են։
«Ժպտալով վճարում ենք 100 դրամ և իջնում»,- կոչ է արվում 2013 թվականի հուլիսին։
«Մենք նաև որորշել ենք բոյկոտի ձևը՝ դնում ենք 100 դրամ ու անցնում»,- ասվում է 12 տարի անց՝ այսօր։
Կրթվելը նորաձև է արշավի նպատակը սովորելն է տասնամյակներով ՏԵՂՈՒՄ ՉԴՈՓԵԼ:
Որպեսզի քաղաքական գործիչը կամ դրան հավակնողը տեղում չդոփի և տասնամյա հնության բառամթերքով չխոսի։
Որպեսզի լրատվամիջոցները տեղում չդոփեն և տասնամյա հնության հմտություններով չաշխատեն, երբ նյութերի ամսաթվերին չնայելու դեպքում չես էլ կռահի, որ դրանց միջև մեկ տասնամյակ կա։
Որպեսզի պատկան մարմինները տեղում չդոփեն և նույն մարտահրավերին նույն կերպ չարձագանքեն։ Կամ առհասարակ՝ բոլոր մարտահրավերներին նույն կերպ չարձագանքեն։
Եվ վերջապես, որպեսզի մեր սոցիալական վիճակը տեղում չդոփի, և տասնամյակները գլորվելով չանցնեն, իսկ 100 դրամը անխախտ և աներեր մնա իր դիրքում։
Մենք պետք է միասին սովորենք տեղում չդոփել։
Սովորենք սովորել։
Սովորենք ժամանակի հետ քայլել։
Սովորենք հարստանալ և հարստացնել։
Սովորենք փոխվել։
Սովորենք քարտով վճարել։
Սովորենք հայտարարագիր լրացնել։
Սովորենք իրար օգնել։
Սովորենք խուճապի չմատնվել։
Սովորենք լավ ապրել։
Սովորենք լավ ապրելու համար վճարել»։