«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները պատերազմի վախ ունեն սեփական լեզվի սայթաքումների պատճառով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» բառն ասելու համար Ադրբեջանը կարող է նոր պատերազմ հրահրել։ Այս մասին Սիմոնյանը երեկ է հայտարարել լրագրողների հետ ճեպազրույցում։
«Երբ ես ասում եմ Ղարաբաղ, դուք ասում եք՝ «չեք ասում Արցախ»: Այդ նույնը հակառակ պատկերով վերցրեք, որ Ադրբեջանում ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան», մենք ասում ենք՝ «դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է»։ Սրա մասին է խոսքը, դա է մեծ խնդիրը, որը ստիպում է բառապաշարի առումով ճիշտ ձևակերպումներ տալ, որպեսզի չհրահրվի նոր պատերազմ, նոր հարձակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը որևիցե պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ. սրան զուգահեռ Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ չեն դադարում։ Եվ ԱԺ նախագահը սա հայտարարում է այն դեպքում, երբ Հայաստանից ադրբեջանական կողմը ապօրինի զավթել է 200 կմ² տարածք։
«Վարչապետն ասաց, որ Հայաստանն ավարտվում է Արմավիրի մարզով ու Տավուշով: Սա է Հայաստանը, այն քարտեզն է, որ փակցրել եմ Ազգային ժողովում. իզուր չեմ փակցրել»,- նշեց ԱԺ նախագահը։
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ունի որոշում, որ ՀՀ օկուպացված շուրջ 200 կմ² տարածքի հարցը, որի մաս է կազմում Ջերմուկի մերձակա բարձունքը, պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծվի։ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն էլ վերջին ասուլիսի ժամանակ հավելել էր, որ այս հարցը հասցեագրված է սահմանազատման-սահմանագծման և սահմանների անվտանգության հանձնաժողովին։
Ալեն Սիմոնյանին հարկ է հիշեցնել, որ օրեր առաջ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե անկախ հայկական պետությունը, ըստ էության ֆաշիստական պետություն է, իրենք հարևան են այսպիսի ֆաշիստական պետության հետ, որ ֆաշիզմի վտանգը չի վերանում և խոսում էր դրա վերացման անհրաժեշտության մասին, կարծես թե իշխանական որևէ պատգամավոր այդ ժամանակ «Արցախ» բառը չէր հնչեցրել։ Ստացվում է, որ հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում