Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ Հայաստանի տեսլականն արտահայտված է կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որն ուղղված է տարածաշրջանային բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության սկզբունքների վրա:
«Խաղաղ և ժողովրդավարական Հարավային Կովկասը կարևոր է ոչ միայն Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի, այլև ԵՄ-ի և ավելի լայն Եվրոպայի համար: Մենք կարծում ենք, որ այն կարող է «Գլոբալ դարպասի» մաս դառնալ:
Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնային է հայ գերիների հրատապ եւ անվտանգ վերադարձը:
Խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլև հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի»,- ասել է Սիմոնյանը։
Նա նաև նշել է. «Հայաստանը մեծապես գնահատում է խոչընդոտներով լի ճանապարհին իր բարեկամների աջակցությունը ծավալապաշտական նկրտումների այս ժամանակաշրջանում: Աշխարհաքաղաքական զարգացումները, պատերազմն Ուկրաինայում և այլուր լրջագույն ազդակ են առ այն, որ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիքի տակ է: Այս առումով հավատացած եմ, որ համընդհանուր մարդկային արժեքները միահամուռ ուժերով պաշտպանելը, ինչպես նաև ամբողջ աշխարհում տեւական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրելը սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարի լավագույն միջոցներն են:
Չնայած այն բոլոր անվտանգային սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին Հայաստանը բախվում է՝ մենք հաստատակամ ենք եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում և ակնկալում ենք, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կարևորությունը, ինչը շատ հստակ քաղաքական ուղերձ է հայ ժողովրդին:
Մեծապես կարևորում եմ ՀՀ-ԵՄ համագործակցությունը «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում, ինչը, վստահաբար, կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության լոգիստիկ կարողությունների ամրապնդմանը:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը բարենպաստ ազդեցություն ունի անվտանգության ապահովման գործում, հատկապես այն թշնամական հռետորաբանության պայմաններում, որին մենք ականատես ենք լինում:
Չեմ կարող չանդրադառնալ Արևելյան գործընկերության նշանակալի դերին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, որը մեզ համար ճանապարհ է հարթել Եվրամիության հետ դեպի ավելի ամուր եւ խորը համագործակցություն»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
- Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
- Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
- Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
- Միրզոյան. Մեր առաջարկին ադրբեջանական կողմի արձագանքը դրական էր, ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան չկա
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա