Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն Հայաստանի Հանրապետության և առհասարակ պետությունների սուվերենության շահերից բխող սկզբունքները, մեզ համար ընդունելի են»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Ըստ նրա, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցը հենց դրա մասին է նաև։
«Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, «Խաղաղության խաչմերուկում» մեր առաջարկներին, ես, կարծում եմ, դրանք այդքան էլ իրարից չեն տարբերվում, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ խոսք չկա էքստերիտորիալ ինչ-որ տարածքի մասին, ինչպես որ չկա խաղաղության խաչմերուկում, մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցվածքների վերագործարկման մասին՝ յուրաքանչյուր պետության սուվերենության ներքո»,- ասաց նա:
Հարցին՝ այդ դեպքում ի՞նչն է խանգարում այդ այդ երկու ֆորմատներից որևէ մեկով Ադրբեջանի հետ այս պահին բանակցություններ ունենալ, ՔՊ-ականը պատասխանեց. «Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ երկկողմ ֆորմատով, մենք զրուցում ենք մեր Ռուսաստանի գործընկերների հետ իրենց հարթակում, ԵՄ մեր գործընկերների հետ ենք քննարկումների մեջ, ԱՄՆ գործընկերների հետ են քննարկումների մեջ, տարբեր միջազգային հարթակներում, երբ որ ներկա են ադրբեջանցի պաշտոնյաներ, հանդիպումներ են տեղի ունենում, այսինքն քննարկումները բազմակողմանի են տեղի ունենում, և մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները խաղաղության օրակարգն առաջ տանելու համար:
Մենք չենք ֆիքսվում կոնկրետ մեկ հարթակի վրա, որովհետև, կարծում ենք, նաև փորձն է ցույց տալիս, որ մեկ հարթակում այդքան էլ արդյունավետ չի եղել մինչ այս եղած քննարկումները։ Դրա համար էլ հիմա, օրինակ, կա Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա