Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի հունվարին Բարձրագույն դատական խորհրդի կողմից պարոն Անտոնյանին դատավորի պաշտոնից ազատելուն։
Նա Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր էր նշանակվել 2009թ. մինչև 65 տարեկան պաշտոնավարման ժամկետով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշել է, որ եղել են. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ենթադրյալ անաչառության բացակայության հետ։
Դատարանը նշել է, որ Սուրեն Անտոնյանի գործը ենթակա է վերանայման։
«Դատարանը համարել է, որ փոխհատուցման ամենահարմար ձևը կլինի վարույթի վերաբացումը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան, եթե պարոն Անտոնյանը դա պահանջի: Դատարանը որոշեց, որ Հայաստանը պետք է պարոն Անտոնյանին վճարի 3600 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցման համար և 1420 եվրո՝ ծախսերի և ծախսերի համար»,-ասված է ՄԻԵԴ վճռում։
ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԱՆ միջնորդության քննությանը Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել՝ կանխակալ լինելու պատճառով, ուստի, նրա մասնակցությունը գործի քննությանը ՄԻԵԴ-ը գնահատել է որպես արդար դատաքննության իրավունքի խախտում:
Եվրոպական դատարանը մանրամասնել է, որ Գրիգոր Մինասյանի ու Կարեն Անդրեասյանի միջև սերտ հարաբերությունները, ընկերությունը, Կարեն Անդրեասյանի կնոջ ու Գրիգոր Մինասյանի ընդհանուր բիզնես շահերը պետք է ահազանգեին որոշման անաչառությունը կասկածի տակ դնելու հնարավորության մասին։
Դատարանի համար համոզիչ չի եղել ԲԴԽ այն բացատրությունը, թե խորհրդի մեկ անդամի անաչառության հետ կապված խնդիրը չի կարող կասկածի տակ դնել ողջ մարմնի անաչառությունը:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ որոշել է բավարարել այն և դադարեցնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյան լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:
ԲԴԽ-ն իր տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշել էր. «Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ»։
ԲԴԽ-ում գործի քննության ընթացքում դատավորի ներկայացուցիչը բարձրաձայնել էր ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ վարույթների հարուցման, 15 տարվա վաղեմությամբ և անձի կարգավիճակը վատթարացնող կարգավորմանը հետադարձ ուժ տալու սահմանադրականության հարցը, այդուհանդերձ, ԲԴԽ-ն խնդիր չի տեսել և չի կասեցրել վարույթը։ Դատավորն իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, դիմումը քննվել է առաջնահերթության կարգով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա