Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ շենքի կոյուղատար խողովակներից կեղտն ու կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղային հարկ, ինչի հետևանքով գարշահոտ է տարածվել։
Panorama.am-ին շենքի բնակիչները պատմեցին, որ դեռ հունվարի 10-ին խնդրի մասին ահազանգել են թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին, թե համատիրությանը, թե Վեոլա ջուր ընկերությանը։ Բնակիչներին ասել են, որ խնդիրն առաջացել է դիտահորերի խցանման պատճառով։
««Վեոլիա ջուր» ընկերությունից ասում են՝ իբր հունվարի 14-ին եկել են, դիտահորերի խցանումը բացել են, խնդիրը լուծել են։ Բայց մինչ օրս կոյուղատար խողովակների պարունակությունը լցվում է շենքի նկուղ, սարսափելի վիճակ է, շնչել չի լինում հակապես առաջին հարկերի բնակարաններում։ Անելանելի վիճակ է, մեկը գցում է մյուսի վրա»,-ասաց խմբագրություն ահազանգած քաղաքացին։
Վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնից Panorama.am-ին ասացին՝ խնդրին ծանոթ են։
«Այն, որ կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղը մեղավոր է միայն ու միայն համատիրությունը։ Ստեղծված իրավիճակի համար մեղավորության իր բաժինն ունի նաև «Վեոլիա ջուր» ընկերությունը»,-ասաց բաժնի աշխատակիցը։
Վարչական շրջանի ներկայացուցիչն ասաց՝ նախատեսում են վաղն առավոտյան Անդրանիկ 77 և Անդրանիկի 81 հասցեներում սկսել կոյուղատար խողովակներն ամբողջությամբ փոխելու գործը։
Մեզ հետ զրույցում բնակիչները կասկածանքով են վերաբերում վարչական շրջանի խոստմանը.
«Անընդհատ ասում են՝ գալու ենք, գալու ենք, բայց ե՞րբ, արդեն 13 օր է՝ այս վիճակն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա