Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրության. Քաղաքական մեկնաբան
«Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիևի հանդիպումը արժանի է ուշադրության»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Նրա նկատում է՝ ադրբեջանական կողմը տարածել է, որ հանդիպումը տեղի է ունեցել ուկրաինական կողմի խնդրանքով:
«Իսկ Ուկրաինան մի քանի օր առաջ հարյուրամյա գործակցության պայմանագիր է ստորագրել Բրիտանիայի հետ: Դրա համար Բրիտանիայի վարչապետ Սթարմերը անսպասելի այցով ժամանել է Կիև: Այդ հանգամանքը վկայում էր, որ պայմանագրի հարցում եղել է հապճեպություն: Ինչպես նշել եմ այդ առիթով, պայմանագիրն ըստ ամենայնի Բրիտանիայի «պատասխան» քայլն է Պուտինի հետ հանդիպելու և խոսելու Տրամպի մտադրությանը: Տրամպի վարչակազմի և պաշտոնական Լոնդոնի ջուրը հենց սկզբից չի գնում մի առվով:
Եվ այստեղ հարցը լոկ այն չէ, որ Բրիտանիան ունի ամերիկա-ռուսական որևէ գործարքի ստվերում մնալու մտահոգություն: Առավել առարկայական ռիսկ է Գրենլանդիայի հարցը, ինչպես նաև Կանադայյի նկատմամբ Տրամպի բարձրաձայնումները: Եթե ԱՄՆ անմիջական վերահսկողություն հաստատի Գրենլանդիայի նկատմամբ և «ենթարկեցնի» Կանադան, դա հիմնավորապես կարող է նվազեցնել Բրիտանիայի կշիռն ու խաղի տարածությունը, այդ թվում առավել ևս Արկտիկայի հարցում:
Բրիտանիայի մյուս մտահոգությունն անշուշտ ռուս-իրանական ռազմավարական գործընկերության համապպարփակ պայմանագրի ստորագրումն էր: Ինչպես այդ առիթով էլ նշել եմ, ըստ իս այդ պայմանագրի ստորագրումը հնարավոր է դարձել առաջին հերթին ամերիկա-ռուսական կոմունիկացիայի շնորհիվ: Ավելին, բոլորովին բացառելի չէ, որ այն արդեն իսկ հենց գործարքի որոշակի տարր է:
Ահա այստեղ է, որ Ալիևի հետ հանդիպելու Զելենսկու խնդրանքը արժանի է ուշադրության: Մեծ հավանականությամբ, նրա միջոցով Ալիևին ինչ որ բան փոխանցում է Բրիտանիան: Լոնդոնն անկասկած փորձելու է Ադրբեջանից ակնկալել հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի և Իրանի համար Կովկասում:
Ի դեպ, ևս մեկ ուշագրավ հանգամանք:
Նախօրեին Ռուսաստան է այցելել Կիրգիզիայի արտաքին գործերի նախարարը, որը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ ստորագրել է գերատեսչությունների գործակցության երկամյա պլանը: Զուգահեռ, Կիրգիզիայի կառավարության ղեկավարը Բիշքեկում ընդունել է Բրիտանիայի դեսպանին և նրա հետ քննարկել երկկողմ գործակցության հարցերի լայն շրջանակ:
Նկատենք, խոսքը դարձյալ Իրանի և Ռուսաստանի համար կենսական ռեգիոնի՝ Կենտրոնական Ասիայի մասին է: Ի դեպ ուշադրության արժանացրել էի, որ Իրանի նախագահը պայմանագիր ստորագրելու համար Մոսկվա այցից առաջ մեկնեց Տաջիկստան՝ Կենտրոնական Ասիայի միակ «ոչ թյուրքալեզու» պետություն, որը էթնոքաղաքական մեծ ընդհանրություն ունի Իրանի հետ:
Իսկ այսօր Երևան է ժամանում Կիրգիզիայի արտաքին գործերի նախարարը, փաստորեն՝ Մոսկվայից»,-գրում է քաղաքական մեկնաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա