«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը հարց էր բարձրացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ արդյոք նա վախենում է «բանդիտներից»։ Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն ասել էր. ««Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն ինձ ասի՝ թույլ, ուրեմն թույլ են ուժային կառույցները…» այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ուժային մի շարք կառույցների ղեկավարների, այդ թվում և ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին ՍՄՍ գրեց, որ հեռանան պաշտոնից: Նշանակվեցիք դուք, որպեսզի, բնականաբար, ուժեղացնեք կառույցը: Բայց դուք մի քանի շոուներով եք աչքի ընկել. ինչ-որ մարդկանց «շարասյուներ» կանգնեցնել, պառկեցնել ասֆալտին, թափ տալ շորերն ու տուն ուղարկել:
Իմ հարցը կոնկրետ է, տիկի՛ն նախարար. նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին ակնհայտորեն գազագողությամբ է զբաղվում, հարկային ծառայությունն անկարող է վերահսկել, տեսուչները չեն կարողանում մոտենալ՝ գազի հաշվիչների տվյալները վերցնելու: Կարճ ասած՝ բանդա է գործում պետության ներսում: ՈՒ սա «Ժողովուրդ» օրաթերթը չի ասում. լրատվամիջոցները ամիսներ շարունակ աղաղակում են: Տեղյակ չե՞ք: Օրերս նույն նահապետ Գևորգյանի որդուն ցուցադրաբար ձերբակալեցիք ու շատ արագ բաց թողեցիք: ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՔ՝ ՄԱՄՈՒԼԻ ԱՍԱԾ «ԲԱՆԴԻՏՆԵՐԻ» դեմ պայքարեք. ինչ ուզում՝ անում են, թե՞ պետությանը ձեռնտու են գազագողության այդ մասշտաբները»:
Եվ ահա մեր այս բարձրաձայնումից հետո ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ։ ՆԳՆ-ից մեզ հայտնեցին. «ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունով՝ խուլիգանության փաստով կազմվել են փաստաթղթեր և ուղարկվել Վաղարշապատի քննչական բաժին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: