Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում պատասխանելով հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի հարցին։
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը։
Զեյնալյանը նշեց, որ իրենք ԱԺ-ին առաջարկում են ընդունել օրենք ոչ թե ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, այլ այդ գործընթացը մեկնարկելը հայտարարելու մասին։
«Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը, Զեյնալյանին դիմելով, նշեց. «Դուք իրավաբան եք մասնագիտությամբ, վստահ եմ ծանոթացել եք նաև ԱԺ համապատասխան փորձագիտական վարչության եզրակացությանը։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այդ եզրակացությանը»։
Ի պատասխան Զեյնալյանը նշեց. «Այո, պարոն Գևորգյան, ես մասնագիությամբ իրավաբն եմ, դա իմ մասնագիտություններից բարձրագույն կրթությամբ չորրորդն է։ Ես նաև վիրաբույժ եմ, առողջապահության կազմակերպիչ, պետական կռավարման մասնագետ։ Եթե Դուք ստանձնեք այդ փորձագիտական եզրակացության պատասխանատվությունը, ես սիրով Ձեզ հետ կմտնեմ բանավեճի մեջ»։
Պատասխանը զարմացրեց ընդդիմադիր պատգամավորին, ասաց՝ չըմբռնեց պատասխանը, ապա դիմեց նիստը վարող ՔՊ-ական Արման Եղոյանի օգնությանը։
Եղոյաանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել, փորձագիտական եզրակացություն է, որը պատգամավորները կարող են հաշվի առնել այս կամ այն չափով։
Մանրամասները՝ տեսանյութում։