«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝ «Սկիզբ մեդիա կենտրոն» ընկերության նկատմամբ։
Հայցվոր կողմը նշել է, որ «Սկիզբ մեդիա կենտրոն» ընկերությունն իր կայքում՝ www.1in.am պարբերաբար օգտագործում է «Ֆոտոլուր» ՍՊԸ-ի կողմից արված լուսանկարները՝ հեռացնելով «Ֆոտոլուր» ՍՊԸ-ի ապրանքային նշանը, առանց «Ֆոտոլուր» ՍՊԸ-ի թույլտվության:
Դատալեքսից տեղեկանում ենք, որ նախկինում «Սկիզբ մեդիա կենտրոն» ընկերությունն ունեցել է «Ֆոտոլուր»-ի հետ պայմանագիր՝ հեղինակային իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ:
29.05.2023 թվականին «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությանն ուղարկվել է դիմում՝ նշելով ապօրինի օգտագործման մասին և խնդրելով դադարեցնել լուսանկարների օգտագործումը, որին, ստացվել է պատասխան, թե որ նկարներ են օգտագործվել, և ներկայացնելով այդ նկարները, վերջնական արձագանք չի ստացվել:
«Մինչ օրս «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունը շարունակում է օգտագործել «Ֆոտոլուր» ՍՊ ընկերությանը հեղինակային իրավունքով պատկանող լուսանկարները և խախտել վերջինիս իրավունքները»,-նշել է հայցվոր կողմը։
Նշվում է, որ «Ֆոտոլուր» գործակալությունը Լիցենզիայի պայմանագրերը կնքում է ամսական վարձատրության դիմաց, յուրաքանչյուր ամսվա վարձատրության չափը կազմում է՝ 80.000 ՀՀ դրամ:15 ամիս շարունակ լուսանկարներն օգտագործելու համար գործակալությունը պահանջել է հոնորարի գումարի կրկնապատիկը՝ 2.400.000 դրամ։ «Ֆոտոլուր»-ը նաև պահանջել է, որ պատասխանողը փոխհատուցի 550.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն, ինչպես նաև հատուցել Հայցվորի կողմից վճարված պետական տուրքերը:
Պատասխանող կողմը դատարանում նշել է, որ իրենց կողմից օգտագործվել են բացառապես այնպիսի լուսանկարները, որոնք համացանցում ունեցել են բաց հասանելիություն, և որոնց օգտագործումը պայմանավորված չի եղել որևէ թույլտվություն ստանալու փաստով: Միգուցե և տվյալ լուսանկարների սկզբնական աղբյուրը հանդիսացել է «Ֆոտոլուր» ՍՊԸ-ն, սակայն Պատասխանողը՝ համացանցում բաց հասանելիություն ունեցող այլ աղբյուրից ձեռք բերելով լուսանկարները, չգիտեր և չէր էլ կարող իմանալ, թե ում են պատկանում տվյալ լուսանկարի նկատմամբ հեղինակային իրավունքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգտագործված լուսանկարները չեն ունեցել «Ֆոտոլուր» ՍՊԸ-ի ապրանքային նշանը:
«Ակնհայտորեն անհիմն է «Ֆոտոլուր» ՍՊ ընկերության իրավունքի խախտման փաստարկը և եթե անգամ տեղի ունեցած լիներ վերջինիս հեղինակային իրավունքի խախտում, ապա այդ պարագայում ևս պարզ չէր լինի, թե որն է եղել 2.400.000 ՀՀ դրամ հոնորարի կրկնապատիկի պահանջի հիմքը և հաշվարկը, ինչպես է հաշվվել հոնարարի չափը և որն է եղել հոնորարի չափի հաշվարկման հիմքը, որ ժամանակահատվածի համար: Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ գտել է, որ հայցվորի պահանջը ամբողջովին անհիմն է և ենթակա է մերժման»,-նշել է «Սկիզբ մեդիա կենտրոն»-ը դատարանում։
Հայցն ընդդեմ ընկերության՝ հեղինակային իրավունքի օբյեկտների օգտագործումը դադարեցնելու և հոնորարի վճարման պահանջների մասին, բավարարվել է մասնակի:
Դատարանը «Սկիզբ մեդիա կենտրոն»-ին պարտավորեցրել է դադարեցնել «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» օրենքի իմաստով «Ֆոտոլուր» ՍՊԸ լրատվական գործակալության հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող լուսանկարչական ստեղծագործությունների արտատպումը, տարածումը և օգտագործումը:
Դատարանը որոշել է «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ «Ֆոտոլուր» ՍՊԸ լրատվական գործակալության բռնագանձել 2.400.000 ՀՀ դրամ՝ որպես հոնորարի կրկնապատիկի գումար:
Դատարանը նաև վճռել է, «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ «Ֆոտոլուր» ՍՊԸ լրատվական գործակալության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ դրամական պահանջի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, և 72.000 ՀՀ դրամ՝ որպես դրամական պահանջի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ «Ֆոտոլուր» ՍՊԸ լրատվական գործակալության բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է նույն ժամկետում բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա