Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը։
Գործով վկա, ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության նախկին պետ Սարգիս Մազմանյանը հարցաքննության ժամանակ ասաց, որ եղել են այլ դեպքեր, երբ զինծառայողները փորձել են բենզինով վառել վառարանները ու հրդեհ է բռնկվել։
Հարցին՝ կոնկերտ Ազատ գյուղի զինվորական կացարանում հակահրդեհային անվտանգության տեսանկյունից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել, արդյո՞ք համապատասխանել են ստանդարտներին և իրավական ակտներին, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ինչ միջոցներ են ձեռնարկվել, եղել եմ դեպքի վայրում առավոտյան 8-ին, երբ կացարանն արդեն այրված վիճակում էր գտնվում։ Մինչ այդ տեղյակ չեմ եղել, թե ինչ միջոցներ են նախապես ձեռնարկված եղել։ Սակայն գրություններ են ուղարկված եղել զորամասեր, որ տարատեսակ կացարաններն ապահովվեն կրակմարիչ միջոցներով»։
Տուժածների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանն ասաց, որ տարածքում ծնողների հետ կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են զրահաբաճկոններ, որոնք, ըստ էության, այրված չեն, այնպես չեն վնասվել, որը ենթադրվում էր այդ հրդեհի պայմաններում, սա ինչո՞վ կբացատրեն, Ս.Մազմանյանն ասաց. «Ոչ մի բացատրություն չունեմ տալու, որովհետև ես յութուբյան ալիքում տեսել եմ՝ ինչպես է կացարանը վառվում, լսել եմ տղաների ձայները, հետևաբար ես չեմ պատկերացնում, որ նմանատիպ զրահաբաճկոնները կարող են ամբողջական մնալ կամ այրվեն մակերեսորեն։
Հնարավոր է, դրանց վրա մի բան է գցված եղել, որպեսզի չփոշոտվեին, չաղտոտվեին»։
Զոհած զինծառայողներից մեկի հարազատն ասաց. «Զրահաբաճկոններն իրար վրա շարված են եղել պատի տակ։ Կողքը դրված է եղել զենքի արկղ, որը չի այրվել, բայց ամենաշատ այրվողը պետք է դա լիներ։ Ծածկված չեն եղել։
Այնտեղ զենքի պատրոններ կան, ոչ մեկ ոչ գնացել է, ոչ քննություն է տարել։ Մինչև օրս լցված են այնտեղ։ Մենք գնում ենք, ուսումնասիրում ենք։ Կարող է գնանք ու էլի բաներ գտնենք»։
Նորայր Նորիկյանը Մազմանյանին հարցրեց. «Ինչպե՞ս կբացատրեք՝ հրդեհը տարածվել է սենյակում, մի մասում ընդհատվել է ու այրված չէ, հետո էլի այրված է»։
Ս. Մազմանյանն ասաց՝ որպես հրդեհային անվտանգության մասնագետ, նման բան չի տեսել իր պրակտիկայի ընթացքում. «Սակայն չստելու կամ այլ վարկածներ առաջ չբերելու համար չեմ էլ հերքի, որ հնարավոր է, ուղղակի հնարավորությունն էլ չեմ կարող ապացուցել, չեմ էլ կարող ապացուցել այն հանգամանքը, թե ինչու է տենց բան եղել։ Նախադեպը չունեցող հրդեհ է եղել։ Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են»։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Հարակից հրապարակումներ`
- Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալներ Գոռ Աղեկյանը և Մառլեն Սարգսյանը կալանավորվել են
- Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի քրեական գործով անցնող Գոռ Աղեկյանն ազատվել է կալանքից. փաստաբան
- Ինձ էլ է հետաքրքրում, թե ինչու զինվորները դուրս չեկան․ զինվորական կացարանի հրդեհի գործով ամբաստանյալ
- 15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
- Դատարանը երեք ամսով երկարաձգեց զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը
- Ազատ գյուղի ողբերգական դեպքի քաղաքական պատասխանատվության դրսևորում տեղի չի ունեցել. Մենուա Սողոմոնյան
- Ազատ գյուղի կացարանի ողբերգական դեպքի գործով արվեց ամեն բան՝ ծածկադմփոցի համար. Տուժող կողմ
- Նրան ինչ թելադրում են, այն էլ անում․ Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով զոհված զինծառայողի հայր
- Պարոն դատավոր, իմ երեխուն սպանել են, 100 տոկոսով «մուտիլովկայա» գնում․ Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում
- Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների գործով ճշմարտությունը չի բացահայտվել․ փաստաբան