«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ նախագիծ է ներկայացրել ԱԺ, որ ԱԺ Փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինը բացասական եզրակացություն է տվել։ Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել։
Հեղինակներին բացատրել են՝ ինչ ասել է իրավական ակտ, ինչ ասել է օրենք, և որ իրենց ներկայացրած նախագծով չեն կարող ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անել, քանի որ ԵՄ-ն միջազգային կազմակերպություն է և դրան անդամակցելու ընթացակարգերը սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով։ Փորձագիտական վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ «նախագծով նախատեսվող ձևակերպումները չեն ընկալվում միանշանակ և առաջացնում են տարընթերցումներ»: «Նախագծի բովանդակության և մեր կողմից ներկայացված իրավունքի նորմի հատկանիշների համեմատական վերլուծության արդյունքում ցանկանում ենք արձանագրել, որ Նախագծում նախատեսված չեն վարքագծի պարտադիր կանոններ, որոնք կհամապատասխանեն իրավական նորմերի դասական եռաբաղադրիչ կառուցվածքին, օժտված կլինեն իրավական որոշակիությամբ և կերաշխավորվեն պետական հարկադրանքով:
Օրենքները, որպես նորմատիվ իրավական ակտեր, ուղղված են միայն ու միայն վարքագծի պարտադիր կանոններ նախատեսելուն: Հետևաբար, եթե Նախագիծը չի պարունակում քննարկված հատկանիշներին համապատասխանող վարքագծի կանոններ, ապա խնդրահարույց է նրա՝ «օրենք» բնորոշվելու հարցը»։
Նախագիծն ընդգրկվել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նիստի օրակարգում և կքննարկվի այսօր։ Հանձնաժողովի իշխանական մեծամասնությունը կողմ կքվեարկի նախագծին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա