Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այդտեղ է գտնվում նաև հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ըստ «Ակոս» թերթի խմբագիր Բագաստ Էստուկյանի՝ Դադյան վարժարանը այլ շենքում է գործում, իսկ այն շենքում, որտեղ հարձակում է եղել հիմա քրդական հաստատություն է։
Զինված հարձակման հետևանքով դպրոցի պատուհանին և պատին կրակոցի հետքեր կան։
Հարուցված քրեկան գործով արդեն երկու կասկածյալ է բերման ենթարկվել։ Նրանց բնակարանից առգրավվել է չգրանցված ատրճանակ և 14 պարկուճ։ Բերման ենթարկվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսի գործն ուղարկվել է դատարան։
Նշենք, որ Հովհաննես բեյ Դադյանը Դադյան դպրոցի հիմնադիրն է։ Նա 1844 թվականին Սուլթանի հրամանով կառուցել է Բաքըրքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցին և դրան կից դպրոցը։