Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է Օպերային թատրոնի ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ՝ նվիրված թատրոնի 92-ամյա հարուստ պատմությանը և ժառանգությանը։
Հուշամեդալի դիմերեսին կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի պատկերն է, մյուս կողմում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքն է։
«Այս հուշամեդալը շատ կարևոր է մեզ համար։ Թատրոնն արդեն 93 տարեկան է և առաջին անգամ ունեցավ հուշամեդալ, որը կօգնի նաև ներկայանալ օտար երկրներում»,- ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը։
Նա նշեց, որ օպերայի և բալետի թատրոնն անցած տարի բավականին լուրջ հաջողություններ է ունեցել՝ պրեմիերաներ, հյուրախաղեր և այս հուշամեդալով կարող էին դնել 2024 թվականի վերջակետը։
«Բայց որոշեցինք այն ներկայացնել 2025 թվականին՝ այսպես ազդարարելով նաև նոր տարին։ Այս տարի ևս կունենանք մի քանի հետաքրքիր ներկայացումներ, պրեմիերաներ մեր օտարերկրյա գործընկերների հետ համատեղ»,- ասաց Կ. Դուրգարյանը։
Նա նշեց, որ «47 դիզայն» ընկերության հետ բավականին քննարկումներ են ունեցել ու ստացել են այս արդյունքը։
«Էսքիզը ներկայացրել են մեզ, շտկումներ եղել են։ Մոտավորապես տասը անգամ հանդիպել ենք, քննարկել ենք, կարծիքներ ենք փոխանակել»,- ասաց Կ.Դուրգարյանը։
Նա նշեց, որ օպերային թատրոնը գումար չի ծախսել հուշամեդալների համար, ամբողջությամբ «47 դիզայն» ընկերությունն է հոգացել ծախսերը։
Հուշամեդալի առաջին օրինակը Կարեն Դուրգարյանը նվիրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
«Հուսամ՝ այս մեդալը կդառնա նաև օպերային թատրոնի սիմվոլը»,- ասաց թատրոնի տնօրենը։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ օպերային թատրոնը լավագույնս արտացոլում է մշակույթի և ժամանակակից արվեստի ոլորտում պետության վարվող քաղաքականությունը։
«Օպերային թատրոնն առաջամարտիկն է ֆինանսավորման նոր մոդելով պետության հետ աշխատանքի։ Մի կողմից բարդ էր գնալ այդ փորձարկանը, մյուս կողմից հնարավոր եղավ, քանի որ զարգացման այն նախադրյալները, որոնք կային, ցույց էին տալիս՝ կարող ենք աշխատանքի նոր կանոններ ունենալ, որոնք տանելու են թատրոնի զարգացմանը։ Արդեն երկու տարի է նոր մոդելով միասին աշխատելու փորձն ունենք, թատրոնում դա էական, որակական բան է փոխել»,- ասաց Ժ.Անդրեասյանը։
«47 դիզայն» ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանն ասաց, որ թողարկել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Առաջին երկուսը 500 օրինակով, բրոնզը՝ անսահմանափակ։ Հուշամեդալները լինելու են վաճառքում, վաճառքի 10 տոկոսը փոխանցվելու է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին։