Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня хорошая։ Չմոռանանք նաև, որ ռուսական վերնախավը նույնպես միատարր չէ։ Տեսանելի են ադրբեջանական լոբբինգի աշխատանքը և հաջողությունները»,- ասել է տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա և Լավրովի հայտարարություններն այդ առիթով»:
«Ի դեպ, այստեղ Փաշինյանի և Ադրբեջանի շահերն ամբողջությամբ համադրվում են։ Որքան Նիկոլը վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, այնքան լայն են բացվում Մոսկվայի տարբեր կաբինետների դռներն ադրբեջանական լոբբիստների առջև։
Անհասկանալի է նաև Ռուսաստանի կանաչ լույսը նիկոլամերձ օլիգարխներին, օրինակ, ՌԴ-ից ոսկու վերարտահանման հսկայական ծավալների մեջ «օդից փող կպցնելուն»։
Ի մի բերելով՝ կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև, բայց ակնկայտ է, որ Մոսկվան վաղուց չի հավատում ոչ միայն արցունքներին, այլև ժպիտներին։
Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում՝ ուկրաինական պատերազմի առիթով, երկու բան հստակ սովորել է՝ չհավատալ և համբերել։ Իսկ «Ռուսաստանը վատ դաշնակից է» թեզի սիրահարներին հրավիրում եմ մեկնաբանելու ԱՄՆ նորընտիր նախագահի կողմից NATO անդամ-դաշնակիցների՝ Կանադայի և Դանիայի նկատմամբ տարածքային իրական և բացահայտ հավակնությունները»,- նշել է Արմեն Աշոտյանը։
Հարցին՝ ի՞նչ անել Բաքվում Ալիևի կողմից դատաստանի ենթարկվող Արցախի ղեկավարությանը և մյուս հայ գերիներին փրկելու համար, նա պատասխանել է.
«Իշխանափոխություն։ Իսկ մինչ այդ և դրան զուգահեռ՝ մշտապես հիշել, հիշեցնել և պահանջել։ Ցանկացած առիթով։ Երկրի ներսում և դրսում։ Տեղական իշխանիկներից և դրսի չինովնիկներից։ Հետապնդեք այդ հարցով նիկոլական պատգամավորներին, նախարարներին, արտասահմանյան պատվիրակություններին և հավատարմագրված դեսպաններին։ Հարցազրույցներով, ելույթներով, նամակներով, ցույցերով, պիկետներով, ակցիաներով, ֆլեշ-մոբերով։
Որպես առ այսօր քաղաքական հետապնդման ենթարկվող մարդ՝ հավաստիացնում եմ ձեզ, որ դա կարևոր է, անհրաժեշտ և էֆեկտիվ։ Մեր հայրենակիցների ազատ արձակումը պիտի դառնա համազգային պահանջ, դրա շուրջ պիտի ապակենտրոն շարժում ձևավորել, այդ թվում՝ Սփյուռքում։
Տեսեք, թե Իսրայելում հասարակությունը ոնց էր պայքարում պատանդների ազատության համար։ Մտքում ունեմ նաև այդ շարժման խորհրդանիշը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու շեփորավոր հրեշտակը։ Նիկոլը ոչ միայն մատը մատին չի տվել և չի տալու այդ հարցով, այլև ըմբոշխնում է մեր հայրենակիցների հանդեպ Ալիևի հալածանքների տեսարանները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու