Հունվարի 1-ից Հայաստանում Էրազմուս+ գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը. ԿԳՄՍՆ-ն է որոշել
Հունվարի 1-ից Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը՝ պայմանավորված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ: Այս մասին հայտարարել են գրասենյակի նախկին թիմն շ ու հավելել.
«Էրազմուս+ ծրագրի բոլոր գործողություններին վերաբերող հարցերով խորհրդատվությունների համար այսուհետև պետք է անմիջականորեն դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Կանխելով հնարավոր հարցերը՝ ստորև ներկայացնում ենք նախարարության հնչեցրած հիմնական հիմնավորումները․
Էրազմուս+ նախագծերը հիմնականում նպաստել են միայն եվրոպական համալսարաններ իրականացվող գործուղումներին ու կրել առավելապես զբոսաշրջության բնույթ։
Նախագծերը չեն հանգեցրել որևէ նկատելի ազդեցության Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա:
Նախագծերի թեմատիկան հիմնականում չի արտացոլում Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները։
Իրականում, ինչպես ձեզ՝ մեր բազմաթիվ գործընկերներին, հայտնի է, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի հիմնական առաքելությունը Էրազմուս+ ծրագրի մասին տեղեկատվության տարածումն է թիրախային խմբերի շրջանում, նրանց խորհրդատվության և աջակցության տրամադրումը, և նախարարության նշված հիմնավորումները կարող են վերաբերել տարբեր դերակատարների (այդ թվում բազմաթիվ նախագծերի մասնակից բուն նախարարությանը), բայց ոչ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակին. մենք չունենք լիազորություն՝ իրականացնելու նախագծերի գնահատում, ընտրություն և/կամ մոնիթորինգ։
Հակիրճ ամփոփելով մեր գրասենյակի գործունեության վերջին փուլը՝ կարևոր ենք համարում առանձնացնել հետևյալ 3 ցուցանիշները․
Ներկայումս Արևելյան գործընկերության տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը՝ ՄԿՈւ հաստատությունների, և երրորդ տեղը՝ բուհերի կարողությունների զարգացման նախագծերի քանակով (Ուկրաինայից և Վրաստանից հետո): Այս արդյունքները մեր գրասենյակի և կրթական հաստատությունների համատեղ ջանքերի արդյունք են։
Վերջին երկու տարիներին իրականացված հարցումները ցույց են տալիս, որ Գրասենյակի ծառայություններից օգտվող շահառուների բավարարվածությունը Գրասենյակի գործունեությունից գտնվում է շատ բարձր մակարդակի վրա (9,4 միավոր 10-ից):
Գրասենյակը ունի բարձր վստահություն Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կողմից։ Այն մշտապես ստացել է «շատ լավ» կամ «լավ» գնահատականներ Գործակալությանը ներկայացված բոլոր ամենամյա և ամփոփիչ հաշվետվությունների, ինչպես նաև բոլոր 4 աուդիտորական եզրակացությունների արդյունքում (վերջինը՝ BDO London, 2024 թ․ հոկտեմբեր)»։
Հայտարարության հեղինակները հույս են հայտնում, որ Էրազմուս+ ծրագիրը կշարունակի գործել Հայաստանում միևնույն կամ ավելի խոշոր մասշտաբներով՝ նպաստելով Հայաստանում կրթության միջազգայնացմանն ու նոր կրթական հնարավորությունների ստեղծմանը։
«Հաջողություն ենք մաղթում կրթության միջազգայնացման ոլորտում ակնկալվող փոփոխություններին և հույս ունենք, որ դրանք կնպաստեն համագործակցային, ազատական և միջազգային տեսանելիություն ունեցող կրթական համակարգի ձևավորմանը»,-նշում են գրասենյակից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու