Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է դրվել Սև ծովի ափերին սպասվող լողափնյա սեզոնը։ Այս մասին գրել է Jnews-ը։
2024 թվականի դեկտեմբերի 14-ին Կերչի նեղուցում երկու լցանավեր են խորտակվել, որոնք լի են եղել մազութով։
Ջուրը թափված մազութը փոթորիկը ցաքուցրիվ է արել դեպի հարավ։ Հազարավոր տոննա թունավոր նյութեր տարածվել են հարյուրավոր կիլոմետրերի վրա՝ լուրջ վնաս հասցնելով էկոհամակարգին։ Նավթամթերքը կարող է մի քանի օրվա ընթացքում թունավորել բուսական և կենդանական աշխարհը։ Բնապահպանները հայտնել են դելֆինների և թռչունների զանգվածային մահվան մասին։ Ուկրաինայի ափերին, ինչպես նաև Վրաստանին հարող տարածքում գտնվող Կրասնոդարի երկրամասում հայտնաբերված թռչունները պատված են եղել մազութով։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ հունվարի 2-7-ը տարբեր վայրերում հայտնաբերվել են մոտ 24 մեծ սուզակներ և ձկնկուլներ, որոնցից 11-ը մահացել են՝ հավանաբար մազութից թունավորվելու պատճառով: Օգնության կարիք ունեցող հատկապես մեծ թվով թռչուններ են հայտնաբերվել Ճորոխի գետի գետաբերանում, ինչպես նաև Գոնիոյից մինչև Ուռեկի լողափերում։
Բաթումիից բնապահպան և ձկնաբան Արչիլ Գուչմանիձեն իր սոցցանցերում նշում է, որ Կերչի նեղուցում թափված մազութը դժվար թե հասնի Վրաստանի ափ, բայց ազդեցություն կթողնի ձկան պաշարների, ծովային կաթնասունների և թռչունների վրա։
«Բոլորը խոսում են բնապահպանական աղետի մասին, բայց քչերն են գիտակցում այս միջադեպի իրական ազդեցությունը ծովային էկոհամակարգի վրա: Ըստ տվյալների, ներառյալ ինսայդերական տվյալները, մոտ 4000 տոննա մազութ է թափվել ծով: Նման արտահոսք տեղի է ունեցել Ազովի ծովում 2007թ.-ին, երբ ավելի քան 3000 տոննա մազութ և 6000 տոննա ծծումբ է թափվել: Այս միջադեպը մեծ, բայց լոկալ ազդեցություն կունենա էկոհամակարգի վրա. Կերչի նեղուցի տարածքում, Ղրիմի թերակղզու հարավ-արևելյան մասում, Թաման թերակղզում և Անապայի ափին: Վրաստանի վրա ուղղակի ազդեցություն չի լինի, և ահա թե ինչու:
Արտահոսքի վայրում ջրի ջերմաստիճանը 3-4 աստիճան է, ինչը նպաստում է մազութի ավելի արագ ամրացմանը և նվազեցնում դրա բացասական ազդեցությունը: Եթե ջերմաստիճանը 18 աստիճանից բարձր լիներ, ազդեցությունը շատ ավելի ուժեղ կլիներ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
- Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու