
Մենք երբևէ ժանգոտած, անպիտան զենք չենք գնել. Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները` պաշտպանության նախկին նախարար, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, Հայոց բանակի կազմավորման 33–րդ տարեդարձի կապակցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
«Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել, այն ձևավորվել է հայ ժողովորդի համար շատ բարդ, օրհասական, դժվարագույն պահին, երբ մենք կերտում էինք Հայաստանի անկախությունը և Արցախի ինքնորոշումը շրջափակման, մեզ պարտադրված պատերազմի, երկրաշարժի պայմաններում, բայց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ մենք կարողացենք կերտել այդ բանակը, ունենալ հաղթանակներ»,- ասաց Ս.Օհանյանը։
Նա ընդգծեց, որ Հայոց բանակը տարիներ ի վեր պատվով կատարել է իր առջև դրված խնիրը։
«Այսօր էլ Հայաստանի տարբեր սահմանային հատվածներում բանակը պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը»,- ասաց Ս. Օհանյանը։
Նա համոզված է, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, մենք բանակի երբեմնի փառքը վերականգնելու ենք, բանակը դեռ իր հուժկու հարվածը տալու է մեր հայրենիք, պաշտպանության համար։
«Մենք երբևէ ժանգոտած, անպիտան զենք չենք գնել, չենք ունեցել այնպիսի սպառազինություն, որն անպիտան է եղել մարտի դաշտում։
Ընդհակառակը` տարիներ շարունակ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք ռազմական տեխնիկա, սպառազինություն, մենք այն ձեռք ենք բերել ՀԱՊԿ–ից` ցածր գներով, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել բավականին մեծ քանակությամբ ու բավականին առաջատար սպառազինություն։
Փաշինյանը թող պատասխան տա, թե ուր է այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքում, ուր է, ինչու ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին, ինչպես ինքն էր ասում՝ «չկասկածենք, որ ես կարող եմ գերագույն հրամանատար»,– ասաց Ս.Օհանյանը։