
Եթե այդ ախտը՝ կոռուպցիան, թալանը վերացավ՝ բանակը կարգի կգա, էն ժամանակ մեր զինվորներն էլ կարգապահ կլինեն, մեր հրթիռներն էլ կտրաքեն. Ֆելիքս Պողոսյան
Հայոց բանակը կազմավորվեց Արցախյան առաջին ազատամարտի տարիներին և դարձավ հաղթանակների և պետականության կայացման խորհրդանիշ։ Ինչը՞ խանգարեց մեր ժողովրդին, ընկալելու առաջին հաղթանակների խորհուրդը, որի հետևանքը եղավ 2020 թվականի 44-օրյա ճակատամարտի ելքը։ Այս հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր մտորումները ներկայացրեց ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, «Արծիվ» մահապարտների գումարտակի դասակի հրամանատար, 5-րդ բրիգադի հրամանատարի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։
●Մեր ժողովորդն ունի բանակ և այդ բանակը կազմավորվեց օրհասական պահի։ Երբ կշեռքի նժարի վրա էր դրված մեր լինել-չլինելու, պետություն ունենալ-չունենալու հարցը։ Այդ պայմաններում ծնվեց մեր բանակը։
●Մեր հանդիպումների ժամանակ ես զարմանում էի։ Ֆիզկուլտուրայի ինստիտուտն էր նա ավարտել, պատմաբան չէր, չնայած գրող էր, բայց բանասիրական կրթություն էլ չուներ, սակայն խորաթափանցությունը, մեր պատմության ընկալումը, մեր ժողովրդի բոլոր իղձերը, նպատակները, սխալները ճիշտ ընկալելու ունակություն ուներ։ Իմ ճանաչած մարդկանցից ամենամեծ հայը, ես Վազգենին եմ համարում։ Վազգենը կարողացավ միավորել մեզ բոլորիս։
●Անընդհատ այդ ջոկատներից շատերը չէին ուզում բանակի կազմի մեջ մտնել, ասում էին՝ իյա, ես չեստ եմ տալու՞, ես չեստ տվող տղա չեմ, կռվող տղա եմ... Այն, իհարկե, կեղծ էր, որովհետև բանակը պահանջում է և՛ պատիվ առնել, և՛ շարք կանգնել, և՛ կարգապահություն, իսկ ֆիդայական ջոկատում այսպես էր, կուզեմ՝ կկռվեմ, չեմ ուզի՝ չեմ կռվի։
●Այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարությունն արեց անհնարինը։ Ինձ կասեն՝ բա էդ ռազմաքաղաքական ղեկավարությունը մեր երեխաներին բանակ էր տանում, մեր սառնարանները դատարկ էին, ջուր, լույս, հեռուստացույց չունեինք, լույսը տալուց ուրախանում «ուռռա» էինք կանչում, ի՞նչ եղավ... Բայց իրավիճակն էր այդպիսիսն, օբյեկտիվ էր այդ իրավիճակը, աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից պետք է նայենք։
●Որովհետև արժեքները փոխվեցին... Ցավոք պետք է շեշտեմ, որ այդ արժեքները փոխվեցին հոկտեմբերի 27-ից հետո, այն մեր պարտության սկիզբն էր։ Երբ ոչնչացվեց Հայաստանի առողջ, մտածող և խելացի, ճիշտ ճանապարհով գնացող այդ կոհորտան։
●Մի կողմից այսօր տոն է, բայց մյուս կողմից ինձ համար տոն չէ... Տոն է, որովհետև ես էն զինվորի մասին եմ մտածում, մեր զավակների մասին, որոնք այսօր դիրքերում են, որոնք այսօր խրամատում, դիտակետում հսկում են Հայաստանի անվտանգությունը։ Տոն չէ, որովհետև մեր հաղթանակները մսխվեցին, 44-օրյայում մարտիրոսվեց որդիս՝ Կարենը։
●Կոռուպցիան՝ մեր ժողովրդի ամենամեծ թշնամին, այդ սև ժանգը, ախտն ամբողջությամբ սողոսկեց մեր երկիր և առաջին հերթին բանակ։ Ամենայուղոտ տեղը լափելու համար բանակն էր։ Մեր ժողովուրդը, մեր երախաները, տատիկ-պապիկները քիչ էին ուտում, լավ չէին ապրում, լավ չէին բուժվում և այդ սննդի, բուժման, հագուստի ողջ գումարը հատկացվում էր բանակին։ Իսկ բանակում դրանք լափում էին... Լափում էին անկուշտ, լափում էին անզուսպ, համակարգված։
●Եթե այդ ախտը՝ կոռուպցիան, թալանը վերացավ՝ բանակը կարգի կգա, էն ժամանակ մեր զինվորներն էլ կարգապահ կլինեն, էն ժամանակ մեր հրթիռներն էլ կտրաքեն։ Ոչ թե մեր արձակած հրթիռը չի տրաքի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդ. Մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը
- Զինված ուժերի նվագախմբի տոնական կատարումը
- Հունվարի 28-ին Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում տեղի կունենա սուրբ պատարագ