
ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կասեցումը սառը ցնցուղ էր քաղհասարակության համար ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարում. Շուշան Դոյդոյան
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո հնչեցրած հայտարարություններն ԻԱԿ հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանի մոտ թողել էին տպավորություն՝ քաղհասարակությունը մտնում է մի շրջան, որը շատ նման է քովիդյան ժամանակահատվածին։
ԱՄՆ 47-րդ նախագահի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի սառեցման մասին կարգադրության հետևանքով Հայաստանում առաջին տուժածներից է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։
Հունվարի 30-ին կենտրոնի կողմից պլանավորված «Զրպարտություն և վիրավորանք. Մեդիա ոլորտի խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկումը չեղարկվեց։
«Միջոցառումն իրականացվում էր ԱՄն ՄԶԳ աջակցությամբ, սակայն, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահի հրամանագրով ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը ժամանակավորապես սառեցվել են»,-չեղարկման պատճառի մասին հայտնել էր կենտրոնը։
«Այս իրավիճակը լիարժեքորեն կարող եմ համեմատել Քովիդի բերած փոփոխությունների հետ՝ քաղհասարակության վրա ունեցած ահռելի ազդեցությամբ։ ԱՄՆ ՄԶԳ-ն ծրագրեր է իրականացնում մոտ 100 երկրում ավելի քան 50 մլրդ դոլար գումարի շրջանակում, հիմա այդ բոլոր ծրագրերը սառեցվել են, կասեցվել են 90 օր ժամկետով։ Բավականին անորոշ վիճակ է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Շուշան Դոյդոյանը։
Նրա խոսքով, գործակալության կողմից ֆինանսավորվող ու իրականցվող ծրագրերի կասեցման հետևանքով տուժել է ոչ միայն քաղհասարակությունը, այլև այդ ծրագրերի միլիոնավոր շահառուներ, որոնք օգուտ էին ստանում դրանց իրականացումից։
Միաժամանակ Կենտրոնի հիմնադիրը խնդիրը դիտարկում է որպես հնարավորություն, կարծում է՝ քաղհասարակությունը պետք է մոբիլիզացնի իր ջանքերը՝ իր կայունությունն ապահոող միջոցներ հայթայթելու, միջոցների դիվերսիֆիկացա իրականացնելու համար։
«Իհարկե, մենք այլընտրանքային միջոցներ դիտարկում ենք, տարբեր քայլեր ձեռնարկում ենք, դրանց մասին էլ կիրազեկենք, բայց հիմա բարդ իրավիճակ է, քանի որ չի եղել նախապատրաստական փուլ, չեն նախորդել կոնսուլտացիաներ։ Որոշումը եղել է սառը ցնցուղ քաղհասարակության համար ոչ միայն Հաաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Բոլորն են անակնկալի եկել»,-ասաց նա։
Հիմա ողջ աշխարհում իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կասեցման ազդեցության, հետևանքների գնահատում հարցումների ու վերլուծությունների միջոցով։ Իսկ մինչ այդ Շ. Դոյդոյանն իր ղեկավարած կենտրոնի օրինակով նշում է, ծրագրերի կասեցումը խիստ բացասական ազդեցություն է ունենալու թե հասարակական կազմակերպությունների, թե ազատ գործող լրատվամիջոցների համար, որոնք հիմնական ֆինանսական աջակցություն ստանում էին ԱՄՆ կառավարությունից։
«Այդ ցնցումները ֆինանսական անկախ միջոցներ չունեցող ազատ մամուլի միջոցներին կարող են կանգնեցնել տնտեսական լուրջ խնդիրների առջև»,-ասաց տեղեկատվության ազատության հարցերով փորձագետը։
Ստեղծված իրավիճակը, նրա խոսքով, ցույց տվեց, թե որքան անկայուն ու անպաշտպան է նաև քաղհասարակությունը, որն իր առաքելության իրականացման համար դոնորների, ֆինանսական կազմակերպությունների աջակցության կարիք ունի։
«Բացասական հետևանքները, ինչպես նշեցի, բազմաթիվ են, բայց կարծում եմ, պետք է դրանից անցում կատարենք հնարավորություններին, հասկանանք, թե ինչ նոր հնարավորություններ, այլընտրանքներ կան մեր խոսքը, ուղերձը հասարակությանը փոխանցելու համար»,-նշեց ԻԱԿ հիմնադիրը։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն արգելում է Ադրբեջանում ԱՄՆ Զարգացման գործակալության(USAID) գործունեությունը
- «Փաստ». USAID-ը դարձել է ՀՀ-ում ազդեցիկ գործոն, «ստվերային կառավարություն»
- Սամանթա Փաուեր. ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ հետ