
Դատավորը կաշկանդվածություն ուներ, նրա հուզական վիճակից էլ էր երևում. Մամիկոն Ասլանյան
«Վճիռը բողոքարկելու ենք, ուղղակի չենք կարող չբողոքարկել»,- Հակակոռուպցիոն դատարանի վճռի հրապարակումից հետո ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Ասլանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածով առաջադրված մեղադրանքներում։ Որպես վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 4 տարի 4 ամիս ժամկետով։ Հաշվակցելով Մ.Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։
«Մենք, ըստ էության, այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունեինք։ Ուղղակի հաճախ այս պրոցեսներին հետևելիս նաև խղճահարություն և նողկանք է առաջանում մարդու մոտ»,- ասաց Մ. Ասլանյանը։
Հարցին՝ արդյո՞ք դատարանի վրա քաղաքական ճնշում են նկատում, նա պատասխանեց. «Ես այդ ճնշումների անունը չգիտեմ, բայց տեսնում եմ, որ դատավորը կաշկանդավածություն ունի, ուներ, նրա հուզական վիճակից էլ էր երևում։ Դատական քննության որևէ փուլում որևէ ապացույց, որևէ մատնանշում, որևէ ակնարկ, վկայություն չի եղել մեղավորության հետ կապված»։
«Ինձ կալանավորել են ընտրություններում հաղթելուց 10 օր անց, երբ մենք ընդհանուր հայտարարի չենք եկել, այսինքն, այսպես ասաց, ես լեզու չեմ գտել։ Այստեղ լեզու գտնելու խնդիրը չէ։ Ուղղակի օրենքի ուժն օգտագործվում է չար նպատակով։
Ես իմ քաղաքի համար եմ առաջադրվել։ Ինքնանպատակ չի եղել ոչ իմ առաջադրումը, ոչ իմ հաղթանակը։ Ես միշտ մնալու եմ հաղթած, ինչ էլ անեն»։
Դատարանի որոշմամբ Մամիկոն Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվում է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Մամիկոն Ասլանյանն ասաց. «Այսօրվա իրողության մեջ ինձ թույլ չեն տալիս օգտագործել ինձ տված քվեն, պետական ողջ մեքենան, ուժային կառույցները լծված են այդ գործին՝ օրենքի ուժը կիրառելով, այլ ճնշման գործիքներ կիրառելով, որպեսզի չստանձնեմ քաղաքապետի պաշտոնը։ Ինձ համար ցավ է այն, որ այդքան այս մեծ մարտահրավերների, խնդիրների մեջ այս մարդկանց թիրախներն իմ նման, այս երկրին ազնվորեն, առանց տրտնջալու ծառայած մարդիկ են»։
Նա նշեց, որ Հայաստանուն ռադիկալ փոփոխություններ են պետք. «Այն երկրում, որտեղ չկա անկաշկանդ դատական, իրավական համակարգ, այնտեղ չի կարող լինել օրինականություն, իրավակարգ, որևէ քաղաքացի, օտարերյա ներդրող իրեն այստեղ ապահով զգալ չի կարող»։
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյանը դատապարտվեց ազատազրկման
- Ծանր օրերը հաղթահարելու ենք նվիրյալների շնորհիվ. Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյան. Վանաձորում տեղի է ունեցել հակասահմանադրական պրոցես, որը մինչև հիմա շարունակվում է
- Մամիկոն Ասլանյանն արել է աններելի մի բան բան՝ հաղթել է ՔՊ-ին. Մամիջանյան
- Մամիկոն Ասլանյան. Իմ մոտեցումները չեն փոխվել, ոչինչից չեմ վախեցել
- Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է. Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց