
Ջավախքում ընդդիմադիր կուսակցությունը սկսել է նախապատրաստվել ընտրություններին
Վրաստանում այս տարի հոկտեմբերի 4-ին մունիցիպալիտետները կընտրեն տեղական ինքնակառավարման մարմիններին, պատգամավորներին և քաղաքապետերին։ Jnews-ը գրում է, որ Ախալքալաքում սովորաբար իշխող կուսակցությունն է սկսում նախապատրաստվել ընտրություններին, իսկ հետո ընտրությունների նախօրեին ակտիվանում են նաև ընդդիմադիր կուսակցությունները, սակայն այս տարի ընտրություններին նախապատրաստվելու առաջին ակտիվությունը զգացվել է Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության կողմից:
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցկացվել են 2021 թվականին։ 2025 թվականի ընտրական տարին սկսվել է քաղաքական լարվածության մթնոլորտում. ընդդիմությունը և հասարակության զգալի մասը չեն ճանաչում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, իսկ նոյեմբերի 28-ից ամեն օր բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնց պահանջներից մեկը նոր ընտրություններ անցկացնելն է։ Այս պայմաններում հատկապես կարևորվում են 2025 թվականի ՏԻՄ ընտրությունները։
2024 թվականի խորհրդարանական ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանքը» չի կարողացել հավաքել ձայների 50 տոկոսը՝ Թբիլիսի, Ռուսթավի, Քութաիսի, Բաթումի և Ծալենջիխա քաղաքներում, ինչը մեծացնում է այդ քաղաքներում մունիցիպալ ընտրություններում նրա պարտության հավանականությունը։
Մինչ այժմ ընդդիմությունը որևէ շոշափելի աշխատանք չի իրականացրել 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախապատրաստվելու համար, հատկապես Ջավախքում, սակայն Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչն ակտիվորեն աշխատում է Ախալքալաքում և Նինոծմինդայում՝ կողմնակիցներ և աշխատողներ գտնելու համար։
«Իհարկե, ընտրություններից անմիջապես հետո հենց երկրորդ օրը պետք է սկսել նախապատրաստվել նոր ընտրություններին: Ինչ վերաբերում է վերջին ընտրություններին, դուք գիտեք, մենք չենք ճանաչում այս ընտրությունները: Մենք հուսով ենք, որ կլինեն նոր խորհրդարանական ընտրություններ, և դրանք կանցկացվեն այլ պայմաններում, ավելի արդար, որտեղ իշխող կուսակցության կողմից նման ճնշումներ չեն լինի մարդկանց վրա: Հուսով ենք, որ մինչև նոր խորհրդարանական ընտրությունները և ՏԻՄ ընտրությունները կլինի ավելի ազատ միջավայր: Եվ, գիտեք, ոչ միայն ավելի ազատ, այլև՝ առանց վախի: Սա շատ կարևոր է, քանի որ մարդիկ վախենում են խոսել իրենց կարիքների մասին»,- ասել է Սամցխե-Ջավախքում կուսակցության տարածաշրջանային ներկայացուցիչ Սոփիկո Խորգուանին։
Մանրամասն՝ սկզբնազբյուր կայքում։