
Ի՞նչ են անելու հսկիչները. Պարզաբանում են քաղաքապետարանից
«Քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել։ Ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում»,-այս մասին հայտարարել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով, բաժինը կատարում է հետևյալ գործառույթները՝
.Երթուղիների հաճախականության վերահսկում,
.Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,
.Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,
.Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,
.Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։
Կոստանյանը նշում է, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում։